«Ըստ այդմ, Հայաստանում գործող հազար խոշոր ընկերությունները պետական բյուջե են վճարել շուրջ 326 մլրդ դրամ, ինչը կազմում է ընդհանուր հարկային եկամուտների գրեթե 67,5 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ խոշորների վճարած հարկերն ավելացել են 12,1 մլրդ դրամով կամ 3,8 տոկոսով: Սա ավելի բարձր է, քան հարկային մուտքերի ընդհանուր աճը, որն առաջին կիսամյակում եղել է 3.4 տոկոս:
Վճարած հարկերի մեծությամբ Հայաստանի, այսպես ասած, գլխավոր հարկատուն դարձյալ «Գազպրոմ Արմենիան» է, որի վճարած հարկերը գրեթե 2,5 անգամ գերազանցում են խոշորների ցանկի երկրորդ ընկերության հարկային պարտավորություններին: Տարեսկզբի առաջին վեց ամիսներին «Գազպրոմ Արմենիան» պետական բյուջե է փոխանցել ավելի քան 23,9 մլրդ դրամ: Ընկերության վճարները նախորդ տարվա համեմատ ավելացել են 4.5 միլիարդով: Աճը հիմնականում արտահայտվել է ներքին ցանցում սակագների բարձրացման հաշվին:
Խոշորներից երկրորդը դարձյալ «Ղ-Տելեկոմն» է, որը պետական բյուջե է փոխանցել ավելի քան 10,2 մլրդ դրամ: Թէև առաջին եռամսյակի համեմատ ընկերության վճարները կտրուկ ավելացել են, այնուհանդերձ կիսամյակի արդյունքներով դրանք զիջում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը: Ասենք, որ 2013թ. առաջին կիսամյակում «Ղ-Տելեկոմը» պետական բյուջե էր վճարել շուրջ 11,2 մլրդ դրամ:
Հեռահաղորդակցության ոլորտի մյուս խոշոր ընկերությունը՝ ի դեմս «ԱրմենՏելի», պետական բյուջեի նկատմամբ կատարել է շուրջ 8,6 մլրդ դրամի պարտավորություն, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Դրական տարբերությունը հասնում Է 1,1 միլիարդի:
Աճել են նաև «Օրանժ Արմենիայի» վճարած հարկերը: Անցած տարվա համեմատ դրանք կրկնապատկվել են՝ կազմելով ավելի քան 2,4 մլրդ դրամ: Լուրջ աճ է գրանցվել նաև հեռահաղորդակցության ոլորտի մեկ այլ ընկերության՝ «Յուքոմի» հարկային պարտավորություններում: Ընկերությունը առաջին կիսամյակում պետական բյուջե է փոխանցել ավելի քան 1,4 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 680 միլիոնի դիմաց:
Խոշոր հարկատուներից երրորդը գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է: Եթե առաջին եռամսյակում այս ընկերությունը պետական բյուջե էր վճարել 5,2 միլիարդ, ապա երկրորդում՝ 4,4 մլրդ դրամ: Կիսամյակի արդյունքներով ընկերության պարտավորությունները կազմել են 9,6 մլրդ դրամ, ինչը 2,9 միլիարդով գերազանցել է նախորդ տարվա մակարդակը:
Առաջին հայացքից սա լուրջ առաջընթաց է: Սակայն դրա փոխարեն կտրուկ նվազել են նույն գործարարին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Սամ Սեր Գրուպի» պարտավորությունները: Այն առաջին կիսամյակում բյուջե է փոխանցել շուրջ 1,7 մլրդ դրամ, ինչը 2,3 միլիարդով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Թե «Ալեքս Գրիգի» կատարած վճարների ավելացումը որքանով է կապված «Սամ Սեր Գրուպի» պարտավորությունների նվազման հետ, դժվար է ասել: Ամեն դեպքում, երբ համադրում ենք Ս. Ալեքսանյանին պատկանող այս երկու ընկերությունների վճարած հարկերը, ստացվում է, որ դրանք ավելացել են 600 մլն դրամով»,–գրում է թերթը:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում