Երբ խոսքը գնում է ազգի մակարդակի մասին, ակամայից հիշում ես մշակույթի նախարարությունն ու նրա ներքո գործող կառույցները՝ մշակույթի կոնտրոններ, թատրոններ, որոշակի ուղղվածությամբ դպրոցներ, հեռուստատեսություն և այլն, բայց երբեք ոչ կինոարտադրող ընկերություններ կամ կինոարտադրող որևէ հիմնարկություն:Թե որքան է պետությունը ֆինանսավորում Հայաստանի համազգային կինոկենտրոնին տարեկան նկարահանվող ֆիլմերի համար ոչ ոք ստույգ տվյալ չի ասում, սակայն փաստ է, որ պետությունը բավականին գումար է ծախսում մեր երբեմնի կինոարտադրությունը ոտքի հանելու համար, ապա ու՞ր են ֆիլմերը, ու՞ր է արտադրությունը, իհարկե հարցնողին կհրամցնեն սեփական գումարներով կամ հովանավորների միջոցով նկարահանված կամ էլ լավագույն դեպքում տաս տարվա վաղեմություն ունեցող ֆիլմեր:Սակայն հարցը դա չէ,  հարցն այն է, որ նույն գումար տրամադրողը երևի թե գումարին համապատասխան չի պահանջում արտադրություն, ինչու՞ , սա արդեն թողնում եմ քեզ հարգելի ընթերցող:Այսօր Հայաստանում ապրում են անհատ ռեժիսորներ, որոնք ստեղծագործում ու նկարահանում են կարճամետրաժ կամ լիամետրաժ ֆիլմեր, իհարկե ֆիլմերը չեն հասնում հայկական եթեր քանզի նույն եթերն ավելի թանկ արժե քան ամբողջ ֆիլմի նկարահանումը:Կարծես թե փոխվել են դերերը, տարիներ առաջ ռեժիսորին վճարում էին իր ֆիլմի ցուցադրության համար, այսօր ռեժիսորն է վճարում:Այնինչ արտերկրում այդ նույն ռեժիսորին դիմավորում ու պատվում են ինչպես կարգն է, և ամենակարևորը թույլ են տալիս ու նույնիսկ աջակցում են:Արարատ Բայազետցի կեղծանունով մի ռեժիսոր մեկ ամսվա ընթացքում, զրո դրամ բյուջեով և իր միջոցներով կարողացավ նկարահանել կարճամետրաժ ֆիլմ՝ <<Հաղթանակի սկիզբը...>>,  ֆիլմում ներկայացված է Թալեաթ փաշայի սպանությունը, Սողոմոն Թեհլերյանի զգացական աշխարհը սպանությունից առաջ և սպանության ժամանակ, ֆիլմը բոլորովին նոր մոտեցում է փաստին:Եղեռնի տարելիցին ընդառաջ Արարատ Բայազետցին փորձեց հայկական եթեր բարձրացնել ֆիլմը, չվաճառել ֆիլմը այլ պարզապես նվիրել ազգին, սակայն ինչ-ինչ պատճառներով չկարողացավ կինոկենտրոն ներկայացնել ֆիլմը, ֆիլմի թեմատիկային ծանոթ լինելով հանդերձ նրան փոխանցեցին, որ զբաղված են այլ ծրագրերով ու կազատվեն կամ կնդունեն նրան ապրիլի քսանվեցից հետո: Լավ է ասված զատիկի ու կարմիր ձվերի մասին, տարելիցից հետո նման սյուժե ունեցող ֆիլմը անիմաստ կլինի եթեր հեռարձակել, այսինքն ստացվում է, որ ևս մեկ անհատ արվեստագետ, ռեժիսոր, որն ստեղծագործում է իր միջոցներով, պետությունից փող չուզելով, կսկսի աշխատել արտերկրում և որևէ օտար երկրի համար, և այլևս երբեք ոչ իր հայրենիքի:Ցավալի է, և միևնույն ժամանակ ուրախալի, որ նույն ռեժիսորը առանց հուսահատվելու իր ֆիլմը ուղարկել է եվրոպա, որն էլ մոտ օրերս ու նաև ամսի քսանչորսին կցուցադրվի մի քանի եվրոպական քաղաքներում:Հայաստանում արվեստագետներն ապրում են չարքաշ կյանքով, այդ իսկ պատճառով այսօր մենք չունենք լուրջ կինոարդյունաբերություն, ունենք պարբերականներ, հումորային ծրագրեր, բայց ոչ իսկական ու հայկական ֆիլմեր, Հայաստանի սահմաններում նկարահանված ֆիլմերի մեծամասնությունը գտնում են իրենց հայրենիքն օտար էկրանների վրա:Այս անգամ ևս հայ ազգը կորցրեց իր զավակներից մեկին:Թե որքան է շարունակվելու հայ արվեստագետների ու նրանց ստեղծածի արտագաղթը, պարզ չէ, սակայն այն, որ հայ արվեստագետներին հայրենիքում ու հայրենիքի համար ստեղծագործելու համար ոչ միայն չեն պարգևատրում այլ նույնիսկ նեղացնում են, մնում է փաստ:                   

© hannibal 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել