Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցինՀուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպի հետ կապված նոր մանրամասներ առայժմ չկան: Թեև տեղի ունեցածը միանշանակ դատապարտելի և հայկական կողմից հստակ քայլեր ակնկալող երևույթ է, սակայն շտապողականությունն այս հարցում կարող է ավելի մեծ խնդիրների առաջ կանգնեցնել:

Մեր աղբյուրների համաձայն՝ սպասողական վիճակ է նաև վիրահայ համայնքում: Ըստ իս, առայժմ Վրաստանի իշխանական շրջանակներում են փորձում հասկանալ տեղի ունեցածի պատճառները, հանդիպումներ ունենալ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո միայն որոշակի հստակություն կմտցվի:

Սակայն հարկավոր է ընդգծել մի քանի կարևոր հանգամանք.
1. Ի տարբերություն այլ դեպքերի, այս անգամ կոնկրետ մեղադրանք որևէ պետական կամ ոչ պետական կազմակերպության չի ուղղվում:
2. Միջադեպի մասին արտահայտված գործիչները բավարարվել են տեղի ունեցածը դատապարտելով ու կոչ անելով իրավապահ մարմիններին բացահայտել ու պատժել մեղավորներին: Այսինքն՝ բոլորը կարծես թե խուսափում են քաղաքական գնահատականներ տալուց և կատարվածը թողնում են կենցաղային ու իրավական հարթության վրա:
3. Միջադեպի մասնակիցների թվաքանակի վերաբերյալ տարբեր թվեր են հնչում, ինչը գուցե ծեծկռտուքի տարերային բնույթի մասին է խոսում, երբ մասնակիցների խիստ մոտավոր թիվ է նշվում:

Սա կամ իրոք պատահաբար առաջացած ու զարգացած միջադեպ է, որը խոսում է Վրաստանում առկա հակահայ տրամադրությունների մասին, կամ էլ այս ամենի հետևում թաքնված են Հայաստանի ու Վրաստանի սահմաններից դուրս գտնվող ուժեր, ու այդ հանգամանքը ստիպում է կողմերին լինել չափազանց զգուշավոր:

Գուցե երկուսը միասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել