Հայաստանի Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ներկայացրել է ՏԻՄ ընտրական գործընթացների, իրենց կարծիքով, բարելավման վերաբերյալ առաջարկություններ: Նա գտնում է, որ դրանք ուղղված են ՏԻՄ-ի ժողովրդավարության զարգացմանը:
«2008 թվականից առ այսօր ապակենտրոնացման ոլորտում այլ քայլեր չեն արվել: Մենք ավելի շատ ապրում ենք բարեփոխումների սպասումով, քան՝ բուն ռեֆորմներով», - նշեց Էմին Երիցյանը: Նա հավելեց նաև, որ «համայնքները հետզհետե ավելի քիչ են սոցիալ-քաղաքական դերակատարություն ունենում, ինչը հանրային իշխանության գործունեության առումով վտանգավոր երևույթ է»:
Երիցյանի մտահոգությունները, անշուշտ, տեղին են և լուծման կարոտ, սակայն առաջարկվող մեթոդները այդ առումով առավել քան տարակուսելի են: Մասնավորապես, առաջարկվում է համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ ընտրվելու համար միատեսակ նվազագույն տարիքային շեմ սահմանել, ինչպես նաև ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրելու իրավունքի նվազագույն տարիքային ցենզը սահմանել 16 տարին: Երիցյանի պնդմամբ՝ այս միջոցները հնարավորություն կընձեռեն սահմանել մասնակցության հավասար պայմաններ և խթանել երիտասարդության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը: Սակայն որքանո՞վ է տարիքային խնդիրը տվյալ պարագայում հանդիսանում իրական խոչընդոտ կամ որքա՞ն ակտիվ և համայնքային գործերով զբաղվելուն պատրաստ երիտասարդ մենք ունենք՝ շարունակում է մնալ հարց:
Երիցյանը նաև առաջարկեց վերացնել մեկ թեկնածուով ընտրությունների անցկացումը բացառող դրույթը՝ համարելով այն արհեստական: Իհարկե, գործող օրենքը ընձեռում է արգելքը շրջանցելու հնարավորություն, սակայն այդ արգելքի վերացումը ոչ միայն չի նպաստի, այլև կհակասի հենց բանախոսի առաջարկած երիտասարսության մասնակցության խթանմանը:
Առավել քան տարօրինակ է առաջարկություններից ևս մեկը՝ 10 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով: Ակնհայտ է, որ այդ պարագայում տեղական նշանակության հարցերի լուծումը, որի հենց նպատակն է տեղական ինքնակառավարումը, ևս կգերքաղաքականացվի՝ դառնալով քաղաքական գործունեության սուբյեկտների որոշման առարկա, ինչից շարքային բնակիչը ոչ միայն ի շահի, այլև կտուժի:
Այսպես է ասված՝ իմա՞ստը....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1448156205450319&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել