Գրեթե հարյուր հիսուն տարի է, ինչ Հայկական հարցը արծարծվում է աշխարհի առաջադեմ մարդկության մեծագույն մտածողների կողմից, ինչպես նաև միջազգային ու միջպետական բանակցություններում ու պայմանագրերում: Սակայն Հայկական հարցը իր սկզբնավորման օրից լուծում չի ստացել: Անկասկած, Հայկական հարցի անբաժանելի մասն են կազմում հայոց ցեղասպանության ճանաչումը և Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Սկսած Սան Ստեֆանոյի պայմանագրից մինչև մերօրյա ժամանակները, մենք անընդհատ սպասում ենք օգնության, իսկ օգնություն չստանալու դեպքում մեզ պահում ենք վիրավորված երեխայի նման, որին մերժել են ինչ-որ հարցում: Նախ պետք է որոշենք թե ո՞րն է այսօր մեր առաջնային խնդիրը. Հողերի վերադարձու՞մը, ցեղասպանության ճանաչու՞մը, թե՞ արցախյան խնդիրը: Հայկական հարցի մասին խոսելով, ուղղակի անհնար է չհիշատակել Սիոնիզմի օրինակը: Հայերը և հրեաները ունեցել են գրեթե նույն ճակատագիրը: Բայց ի տարբերություն մեզ, նրանք չեն սպասել օտարի օգնությանը: 1948 թվականին, երբ ՄԱԿ-ը հաստատեց Իսրայելի տարածքները, նրանք չեն նստել ու սպասել այլոց օգնությանը, այլ պայքարել են իրենց տարածքների համար: Լինի զենքով ու զորքով, թե մտքով ու գաղափարով, բայց հրեաները հասել են իրենց նպատակին և ունեն մեծ ու հզոր Իսրայել, որի հետ այսօր հաշվի են նստում միջազգային ատյաններում: Գրեթե նույնն էր սցենարը նաև մեր պարագայում: Երբ մենք երկարատև ընդմիջումից հետո ստացանք պետականություն, իսկ դրանից հետո եղավ Սևրի պայմանագիրը, մենք մեր հասանելիք երկիրը ատամներով պահելու փոխարեն, մի քանի ճակատամարտից հետո Ալեքսանդրապոլի պայմագրով հանձնեցինք այն Թուրքիային: Եվ մենք բողոքելու առիթ չունենք, որովհետև մեզ այդ շանսը տրվել է, որից մենք հրաժարվել ենք մեր իսկ ձեռքերով: Ինչպես մահկանացուների կյանքում, այնպես էլ միջազգային քաղաքականությունում տրվում է միայն մեկ շանս, և այդ հնարավորությունից պետք է օգտվել: Երկրորդ հնարավորությունը ոչ ոք չի տա, այն արդեն պետք է նվաճել սեփական ուժերով: Մենք մեր դարավոր գոյության ընթացքում միշտ ապրել ենք պատրանքներով, փորձելով ժխտել իրականությունը: Մենք պարտավոր ենք նայել իրականության աչքերին, և հասկանալ, որ ներկայումս մենք ի վիճակի չենք նույնիսկ Ղարաբաղյան հարցը լուծելու, և կրկին սխալմամբ սպասում ենք օտարի օգնությանը: Հայկական հարցի պարագայում մենք ներկայումս անզոր ենք հասնել վերջակետի, մենք ամեն գնով պետք է հասնենք միջակետի: Իսկ այդ միջակետը պետք է դրվի ցեղասպանության ճանաչմամբ և Թուրքիայի հետ ազատ տնտեսական հարաբերությունների ստեղծմամբ: Իսկ դրանից հետո մենք պետք է ստեղծենք հզոր Հայաստան, որն իր ուրույն տեղն ու ձայնը կունենա միջազգային ատյաններում: Միայն այդ պարագայում մենք կարող ենք ակնկալել ավելին, քան պարզապես ցեղասպանության ճանաչումն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել