1in.am-ը գրում է.
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Քրիստիանե Վիրտցը չի բացառել, որ երեքշաբթի Բրյուսելում նախատեսվող ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների նիստի մասնակիցները կքննարկեն Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
«Վաղվա հանդիպման մասին. հնարավոր է՝ այնտեղ նոր միջոցներ ընդունվեն»,- այսօր լրագրողներին ասել է Վիրտցը: Նա նշել է, որ ավելի վաղ Եվրոպական խորհուրդը հայտարարել է ցանկացած ժամանակ պատժամիջոցները քննարկելու համար հավաքվելու պատրաստակամության մասին:
Անցած չորեքշաբթի օրը գագաթնաժողովի ժամանակ ԵՄ անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարները խորհրդի մարմիններին հրահանգել են պատժամիջոցների նոր չափանիշներ մշակել այն ընկերությունների և անձանց նկատմամբ, որոնց ԵՄ-ն համարում է Ուկրաինայի հարցով իրավիճակի սրման մասնակից, նաև պատժամիջոցների նոր ցուցակ կազմել, որում ընդլայնված չափանիշների շրջանակների հիման վրա կընդգրկվեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, այդ թվում՝ Ռուսաստանից:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել էր, որ Ուկրաինայում կործանված մալայզիական ինքնաթիռի աղետից հետո Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին խոսելը վաղ է, և նախ պետք է սպասել հետաքննության արդյունքներին:



