http://a1.files.biography.com/image/upload/c_fill,g_face,h_300,q_80,w_300/MTIwNjA4NjMzODM5NjUwMzE2.jpgԱմերիկացի հանրահայտ գրող Էռնեստ Հեմինգուեյը գրական մեծ ժառանգություն է թողել սերունդներին: Նա իր գրական ստեղծագործությունների մեծ մասը գրել է 1920-1950 թվականներին: Նրա երեք վեպերը և կարճ պատմվածքների չորս ժողովածուները հրատարակվել են հետմահու։ Հեմինգուեյը բավականին հախուռն կյանք է ունեցել: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա կամավոր զինվորագրվել է իտալական բանակ: Իսպանիայի քաղաքացիական պատերազմի տարիներին Հեմինգուեյը ռազմաճակատում աշխատել է իբրև լրագրող, իսկ Եվրոպայում ապրելու տարիներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Պատերազմի բովով անցած այս գրողի «Հրաժեշտ զենքին» և «Ում մահն է գուժում զանգը» գրքերը շատ կողմերով հիմնված են իր անձնական փորձառության վրա: Ինքնակենսագրական տարրեր կան նաև «Ծերունին և ծովը» հայտնի վիպակի մեջ, որի համար Հեմինգուեյը պարգևատրվել է Նոբելյան մրցանակով: Իր կյանքի ընթացքում Հեմինգուեյը անցել է մի շարք դժվարությունների միջով և քանիցս կռիվ է տվել մահվան դեմ: Նա հիվանդացել է սիբիրախտով, մալարիայով, շաքարախտով, թոքաբորբով և մի շարք այլ հիվանդություններով: Երկու անգամ ավիավթարի է ենթարկվել և մի շարք վնասվածքներ ստացել: Այդ բոլոր փորձությունները հաղթահարելուց և մահվան ճիրաններից մի կերպ դուրս պրծնելուց հետո նա ինքնակամ որոշել է վերջ դնել կյանքին: 1961 թ.-ի հուլիսի 2-ին Հեմինգուեյը ինքնասպանություն է գործել: Այսօր այս ականավոր գրողի 115-ամյակն է: Այդ առթիվ մեր խմբագրությունը որոշեց Ձեր ուշադրությանը ներկայացնել նրա 15 իմաստուն մտքերը:

1. Աշխարհում չկա գրքից ավելի հավատարիմ ընկեր:

2. Երբեք մի՛ մտածեք, որ պատերազմը հանցագործություն չէ: Անկախ նրանից, թե որքան մեծ է դրա անհրաժեշտությունը, այն, միևնույնն է, հանցագործություն է:

3. Աշխարհը բոլորին է կոտրում, ու դրանից հետո շատերն էլ ավելի ամուր են դառնում: Բայց աշխարհը սպանում է նաև նրանց, ովքեր չեն կոտրվում: Աշխարհն առանց խտրականության սպանում է ամենալավերին, ամենաազնիվներին ու ամենաքաջերին: Իսկ եթե դու ոչ մեկն ես, ոչ էլ մյուսը, կարող ես վստահ լինել, որ միևնույնն է, քեզ էլ կսպանի, միայն թե առանց ավելորդ շտապողականության:

4. Ամենալավ մարդիկ գեղեցիկի զգացում, ռիսկի գնալու խիզախություն, ճշմարտությունն ասելու հակում, զոհաբերության գնալու կարողություն ունեն: Ճակատագրի հեգնանքով նրանց արժանիքները խոցելի են դարձնում նրանց. նրանք հաճախ վիրավորվում են, երբեմն՝ կործանվում: 

5. Քո մի մասնիկը մահանում էր ամեն տարի, երբ տերևները թափվում էին ծառերից, և դրանց ճյուղերը մերկ մնում քամուն, ցրտին և ձմռան լույսին դեմ հանդիման: Սակայն դու գիտեիր, որ գարունը կրկին գալու է, գիտեիր նաև, որ սառցակալելուց հետո գետը նորից վարարելու է: Երբ սառն անձրևները շարունակվեցին և սպանեցին գարունը՝ ասես մի երիտասարդ մահանար առանց որևէ պատճառի:

6. Եթե ամեն օր մի փոքր անհանգստանաս, դա մի քանի տարի կխլի քո կյանքից: Եթե ինչ-որ բան սխալ է, շտկիր այն, եթե կարող ես, սակայն սովորիր չանհանգստանալ: Անհանգստությամբ երբեք ոչինչ չես շտկի:

7. Խելացի մարդկանց շրջանում երջանկությունը հազվագյուտ երևույթ է:

8. Իբրև գրող՝ դու չպետք է դատես, այլ պետք է հասկանաս:

9.  Մահը նման է բարում նստած ծեր պոռնիկին: Ես նրա համար գինի կգնեմ, սակայն նրա հետ վերև չեմ բարձրանա: 

10. Ես սովորեցի երբեք չդատարկել իմ գրական ջրհորը, այլ միշտ կանգ առնել այն պահին, երբ ջրհորի խորքում դեռևս ինչ-որ բան մնացել է և թույլ տալ, որպեսզի այն գիշերը կրկին լցվի աղբյուրներից:

11. Կա միայն այսօրը և ուրիշ ոչինչ: Չկա ո՛չ երեկ, ո՛չ վաղը: Քանի՞ տարեկան պետք է դառնաս, որպեսզի իմանաս դա: Կա միայն ներկան, և եթե ներկան ընդամենը երկու օր է, ապա այդ երկու օրը քո ողջ կյանքն է, և դրանում ամեն ինչ չափի մեջ կլինի: Ահա թե ինչպես են ապրում մի ողջ կյանք երկու օրում: Եթե դադարես բողոքել ու պահանջել այնպիսի բաներ, որոնք երբևէ չես ստանալու, դու լավ կյանք կունենաս:

12. Ժամանակը չէ մտածել այն բոլոր բաների մասին, որոնք չունես, ավելի լավ է մտածիր, թե ինչ կարող ես անել ձեռքիդ տակ եղածով:

13. Ինքնասպանություն չգործելու բուն պատճառն այն է, որ դու գիտես, թե որքան քաղցր է նորից դառնում կյանքը, երբ դժոխքն ավարտվում է:

14. Տեղից տեղ մեկնելով՝ չես կարող փախչել ինքդ քեզնից:

15. Որպեսզի պարզես, թե արդյոք կարող ես վստահել մարդուն, վստահիր նրան: Դա է պարզելու լավագույն ձևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել