Astcoo patgamy

Մի անգամ Աստված ճոխ ընդունելություն կազմակերպեց և հրավիրեց մարդկային բոլոր առաքինություններին: Լույսերով ողողված ճերմակ դահլիճում հավաքվել էին բազմաթիվ տղամարդիկ ու կանայք. այստեղ էին՝ Սերն ու Երջանկությունը, Խիղճն ու Ազնվությունը, Հավատն ու Հավատարմությունը, Խելացիությունն ու Քաղաքավարությունը, Հայրենասիրությունն ու Անձնազոհությունը եւ բազում բազում այլք, որոնք ախորժալուր մեղեդիների ներքո աշխույժ զրուցում էին, ծիծաղում, երգում ու պարում: Ամբոխի մեջ Աստված Իր բարձունքից նկատեց միմյանց թիկունքով շրջված, մեկուսի կանգնած երկու կանանց, որոնք մտամոլոր տեսքով, անհաղորդ այս ու այն կողմ էին նայում: Տերը մոտեցավ:

Կանայք շրջվեցին ու գլուխ խոնարհեցին: Նրանք շատ գեղեցիկ էին՝ եթերային շրջազգեստներով,նրբագեղ իրանով, ոսկյա խոպոպներով, սիրալիր ու ժպտուն դեմքով: Թեպետ կանայք ինչ-որ անորսալի ընդհանրություն ունեին, բայց միաժամանակ խիստ տարբեր էին: Եվ Աստված ասաց.

- Սիրելի Տիկնայք, թույլ տվեք ձեզ միմյանց ներկայացնել: Այս Տիկինը Բարերարությունն է, իսկ այս Տիկնոջ անունը՝ Երախտագիտություն է: Ծանոթացեք խնդրեմ: Կանայք ժպտացին մեկմեկու ու ողջագուրվեցին: Եվ Աստված շարունակեց.

- Դուք ձեռք-ձեռքի տված պիտի ընթանաք, անբաժան պիտի լինեք: Բարերարությունը միայն երախտագիտության կարիքը ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել