«Ռուսական ընկերությունների նկատմամբ կիրառվող նոր սահմանափակումների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է արտահայտվել ինչպես ուղղակիորեն, այնպես էլ անուղղակիորեն:
Այսպես. «Գազպրոմբանկը» իր դուստր բանկի միջոցով ի դեմս «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի», ներկայացված է նաև Հայաստանի բանկային համակարգում: «Գազպրոմբանկը» հայաստանյան «ԱռԷքսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» հարյուր տոկոսանոց սեփականատերն է, որը զբաղվում է առաջին հերթին Հայաստանում գործող ռուսական ընկերությունների ֆինանսական հոսքերի սպասարկմամբ:
Բանկի հաճախորդների թվում են՝ «Գազպրոմ Արմենիան», «Հայաստանի էլեկտրական ցանցերը», «Միջազգային էներգետիկ կորպորացիան», «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը և ռուսական կապիտալով բազմաթիվ այլ ընկերություններ: Իհարկե, «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն զբաղվում է նաև այն բոլոր գործառույթներով, որոնք իրականացնում են Հայաստանում գործող մյուս բանկերը:
«Գազպրոմբանկի» նկատմամբ սահմանափակումների կիրառումը բնականաբար բացասաբար կազդի նաև բանկի հայաստանյան դուստր ձեռնարկության վրա: Դա կարող է արտահայտվել ինչպես ֆինանսական միջոցների սղության, այնպես էր ներդրումային ծրագրերի հետաձգման տեսքով:
Հայաստանի տնտեսական դաշտում շատ ավելի բացասական կարող են լինել «Ռոսնեֆտի» նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքները: Թեև այս ընկերությունը Հայաստանում, կարելի է ասել, դեռևս ձևականորեն է ներկայացված, այնուհանդերձ դրա հետ կապված լուրջ ներդրումային սպասումներ կան: Խոսքը վերաբերում է առաջին հերթին «Նաիրիտի» հիմքի վրա կառուցվող նոր գործարանին, որտեղ ակնկալվում են շուրջ 500 մլն դոլարի ներդրումնե8»,–գրում է թերթը։