Տուժող կողմը սպառնացել է Վարդան Պետրոսյանի փաստաբանին. վեճը շարունակվել է դատարանի բակումArmnewsTV.am-ը գրում է.

Դատական նիստը սկսվում ու ավարտվում է հայհոյանքով: Նախ հարցաքննվեց տուժող Հայկ Հակոբյանը: Նա նշեց` եղբայրը ավտոմեքենան կանգնեցրել էր հողածածկ տարածքում, իսկ կանգնելու պատճառների մասին ոչինչ չէր ասել: Հայկ Հակոբյանը բորբոքվեց դստեր` Էմմա Հակոբյանի հարցաքննության ժամանակ: Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը փորձեց ճշտել` աղջիկը Սիրանույշ Տռուզյանին ճանաչո՞ւմ է, թե՞ ոչ: Էմմա Հակոբյանը նախ հերքեց այդ փաստը, հետո նշեց, թե Սիրանույշն իր ընկերուհին չէ, բայց ծանոթն է: Պաշտպանը ավելացրեց, որ քրգործին կցված է կայքում հրապարակված հարցազրույցը, որում Տռուզյանը մանրամասն նկարագրել է Էմմա Հակոբյանի նստելու դիրքը «Նիվա»-ի հետնամասում ու նշել, որ նա իր ընկերուհին է: Աղջիկը հայտարարեց, թե չի պատասխանի պաշտպանի այդ հարցին, իսկ նրա հայրը` Հայկ Հակոբյանը սկսեց հայհոյանքներ տեղալ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հասցեին:

Դատավորը Հակոբյան եղբայրներին հեռացրեց դահլիճից: Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց նշելով, որ նրանք իր հասցեին պարբերաբար հայհոյանքներ ու սպառնալիքներ են հնչեցնում և օրենքի պահանջով դատավորը պետք է միջնորդություն ներկայացնի դատախազին` քրեական գործ հարուցելու համար: Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը հայտարարեց` չի ների իրեն, եթե երկրորդ դատական գործը սկսվի ու խնդրեց պաշտպանին` հետ վերցնել միջնորդությունը:

Ամբաստանյալի պաշտպանը հետ վերցրեց իր միջնորդությունը, իսկ տուժող կողմի փաստաբանը պաշտպանին մեղադրեց տուժողների ագրեսիայի համար: Դատական նիստին հարցաքննվեցին նաև տուժողների իրավահաջորդները: Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց` հակասություն կա տուժողների նախաքննական և ներկայիս ցուցմունքներում: Արթուր Հակոբյանի կինը հակադարձեց` իր ամուսնուն հարցաքննել են մեկ օր անց այն բանից, երբ նա իմացել է, որ որդին, էլ չկա: Փաստաբան Բալոյանը հավելեց` նախկինում նման բան չէր արվում, առնվազն 40 օր չէին հարցաքննում տուժածներին: Փաստաբանի խոսքերին միացավ Վարդան Պետրոսյանը: 

Դատական նիստից հետո բակում վիճաբանություն սկսվեց: Մահացած երիտասարդների մայրերը մեղադրանքներ հնչեցրեցին Վարդան Պետրոսյանի քրոջ` Աշխեն Պետրոսյանի հասցեին` բղավելով` թե նա իրենց չի հասկանա մինչև իր երեխային էլ չկորցնի: Վիճեցին նաև կողմերի փաստաբանները: Հնարավոր բախումը կանխվեց իրավապահների միջամտության շնորհիվ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել