2011թ. հոկտեմբերին ԱՊՀ անդամ 7 երկրներ` Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Ուկրաինան և Մոլդովան ստորագրեցին համաձայնագիր ԱՊՀ ազատ առևտրի գոտու հիմնադրման վերաբերյալ, որին 2013թ. միացավ Ուզբեկստանը: Այդ համաձայնագիրը նախատեսում է, որ անդամ-պետություններից յուրաքանչյուրում արտադրված ապրանքները այլ անդամ պետություն կարող են ներմուծվել առանց մաքսատուրքի գանձման:
Սակայն 2015թ. ստեղծվող Եվրասիական տնտեսական միության հանգամանքը, ինչպես նաև դրան այլ պետությունների անդամակցության հնարավորությունը առաջացնում է որոշակի խնդիր, քանզի միության անդամ-երկրները կազատվեն նաև մաքսավճարներից և ԱԱՀ-ից, ինչի արդյունքում միայն ազատ առևտրի գոտում եղած երկրները կհայտնվեն համեմատաբար ոչ շահեկան վիճակում:
Ակնհայտ է, որ այդ կապակցությամբ պիտի ծագեին դժգոհություններ: Եվ ահա, Ուկրաինան մտադիր է Ռուսաստանի առաջ բարձրացնել սեփական տնտեսության հնարավոր ռիսկերի հարցը, որոնք կապված են Եվրասիական տնտեսական միության ստեղծման, ինչպես նաև դրա համալրման, ներառյալ Հայաստանի անդամակցության հետ կապված:
«Մենք կբարձրացնենք այն հարցը, թե պե՞տք է արդյոք Հայաստանը, օրինակ, վերանայի մաքսատուրքերը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ մյուս պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի հետ: Ինչպես գիտենք՝ Հայաստանը նույնպես ԱՀԿ անդամ է», - ասել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության գործակալության տնօրենի պաշտոնակատար Վասիլի Զվարիչը` հավելելով, որ իրենք ակնկալում են ստանալ Ռուսաստանի կառավարության գնահատականները ԵՄ և Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագրի իրագործման հետ կապված հնարավոր ռիսկերի վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, խնդրահարույց է ԵՄ և Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը: Այդ համաձայնագրով առաջանում են ռիսկեր ռուսական շուկայի համար:
Ռուսաստանի կառավարության պնդմամբ` Ուկրաինան, որպես ԱՊՀ ազատ առևտրի գոտու անդամ, կարող է մտնել ռուսական շուկա առանց որևէ խնդրի, ինչը բերում է նրան, որ եվրոպական ապրանքները Ուկրաինայի տարածքով կհայտնվեն ռուսական շուկայում, ինչը բացասաբար կազդի ռուսաստանյան արտադրողի վրա:
Անշուշտ, այս խնդիրների մի մասը վերաբերում է նաև Հայաստանին: Եվ մենք ևս պետք է գտնենք շահավետ լուծումներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1446268642305742&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել