Վանաձորում մարդ կարող է անգամ տոնական տրամադրությամբ դուրս գալ տնից, բայց գլխին միանգամից սառը ջուր մաղվի... 8-9 տարեկան մի աղջնակ երիտասարդ մոր հետ տոնական հագնված, սպիտակ կոշիկներով՝ քայլում էին Լուսավորչի փողոցով, մեկ էլ հոպ՝ մի քանի մետր քայլելուց հետո խեղճ երեխան ստիպված էր մի կոշիկը հանել ու մեջը լցված հողը թափ տալ: Սա՝ քաղաքի անբարեկարգ փողոցների մշտական հետեւանքներն են կոշիկների նկատմամբ, պարզապես բոլորը չէ, որ կարող են կանգնել ու զբաղվել կոշիկ թափ տալու հույժ կարեւոր գործով: Սա նաեւ չարիքից փոքրագույնն է այն բանի համեմատությամբ, որ կոշիկները կարող են հենց քայլելու պահին «անգործունյա» դառնալ, իսկ մոտակայքում էլ կոշկակարանոց չգտնվի, եւ կամ պարզվի, որ վերանորոգման համար մի ամբողջ օր է անհրաժեշտ: Հատկապես Լուսավորչի փողոցով քայլողները, որոնք հաճախ են շուկա ուղեւորվում, դժգոհում են, որ «կոշիկ չի դիմանում էս ճամփեքին»: Դրա համար հեռատես մարդիկ ճիշտ կանեն, եթե իրենց հետ «զապաս» կոշիկ վերցնեն տնից դուրս գալիս. այնպես, ինչպես անձրեւանոց: Մի երիտասարդ կին էլ, չգիտես՝ ինչու, փոքր երեխային էր մեղադրում ու փողոցով մեկ ճչում, թե «Քեզ չե՞մ ասել հողոտ տեղերով ման չգաս, մի շաբաթում 3 կոշիկ եմ առել»: Բա եթե տվյալ տարածքն ամբողջությամբ հողոտ է, երեխան որտեղո՞վ քայլի: Իսկ հուլիսի 14-ին Վանաձորի «Լոռի» հեռուստատեսությամբ հերթական բողոքն էր մի բնակչի կողմից առ այն, որ Թումանյան փողոցի սկզբնամասը կիսատ-պռատ են ասֆալտապատել: Ինչու՞ միայն Թումանյան. քաղաքի մեծ մասն է լավագույն դեպքում կիսատ-պռատ ասֆալտապատած (Լազյան, Ղուկասյան, Լուսավորիչ...), ուղղակի դրանց բնակիչները դեռ հեռուստատեսությամբ հանդես չեն եկել բողոքով: Հասկացանք, քաղաքապետի հրապարակավ դժգոհությունից հետո ջրմուղ-կոյուղու կողմից փորված տարածքներն սկսեցին պարբերաբար ասֆալտապատել, բա մնացած տարածքնե՞րը, ուրեմն եթե այդ տեղերով ջրմուղը չի անցել, եթե այդտեղ խողովակներ չեն փոխել, պետք է այդպես հողաթաթախ կամ խճապատված էլ մնա՞: Ահավասիկ, 1 տարուց ավելի է՝ Լազյանի մի ահռելի հատվածը, որտեղ առեւտրի օբյեկտներ են, խճապատել են ու այդպես էլ թողել: Նույն վիճակն է Տերյան 4 եւ 6 շենքերի բակը. զիգզագաձեւ խճապատած է: Նույնն է Գոշի փողոցը մի զգալի մասը՝ մայթեզրերը խճապատված: Երեկ հեռուստատեսությամբ դիտում էի Երեւանի քաղաքապետի այցը Արաբկիր համայնք ու ապշում ցուցադրված փողոցների բարեկարգությամբ, որակյալ ասֆալտով. մի՞գուցե Երևանի քաղաքապետին էլ հատուկ ասֆալտապատված տեղերով էին «ման տալիս», ամեն դեպքում, բարի նախանձով կարելի էր լցվել ու ակամա մտաբերել, թե վերջին անգամ ե՞րբ է Վանաձորում կարգին բորդյուր եղել՝ մայթը ավտոճանապարհից զատող: Հիշեցնենք, որ անցյալ տարի կառավարությունը բյուջեից զգալի գումարներ էր հատկացրել Վանաձորի փողոցների ասֆալտապատման համար:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել