jesus-returning-the-keys-to-st-peter-1820

Արդ, ով ցանկանում եւ տենչում է անանց կյանքը եւ անվախճան փառքը, թող այս կյանքում ուրանա անցավոր փառքը:
Ով ցանկանում է դրախտի հեշտությունը, թող այստեղ չզվարճանա մարմնով:
Ով կամենում է ապրել հրեշտակների հետ, թող այստեղ չնստի հրապարակներում:
Ով սրտով սիրում է Տեր Հիսուսին, թող այստեղ Նրա հետ անբաժանլինի անարատ սրբությամբ: Ով շտապում է մտնել լույսի առագաստը, թող այստեղից իր հետ վերցնի ողորմության յուղը: Ով երկնչում է անվախճան որդերից, թող այստեղ լեզվով չկծոտի իր եղբորը: Ով զարհուրում է բորբոքված հրից, թող այստեղ իր մեջ հանգցնի նախանձի բոցը: Ով վախենում է արտաքին խավարից, թող այստեղ չշրջի մեղքերի խավարի մեջ: Ով վախենում է աչքերի լացից եւ ատամների կրճտումից դժոխքում, թող այստեղ իր աչքերից չցամաքեցնի ապաշխարության արցունքների վտակը: Ով սարսափում է անտանելի տանջանքներից, այստեղ գիշեր ու զօր թող արտասվի անդադար: Ով դողում է սաստիկ պատուհասից, թող այստեղ շարունակ հանդուգն չլինի: Ով կամենում է երկար ճանապարհ գնալ, թող այստեղ իսկ ճանապարհի պաշար պատրաստի: Ով կամենում է անդատ եւ անդատապարտ մնալ դառն ու ահեղ դատաստանում, թող այստեղ չդատապարտի իր եղբորը: Ով իր Տիրոջը պարտք է բյուրավոր քանքարներ, թող այստեղ իր նմանին շնորհի հիսունն ու հարյուրը: Ով կամենում է երկինք անցնել չար դեւերի միջով, թող իր Տիրոջից օգնություն խնդրի հենց այստեղ: Ով ցանկանում է անանց պսակը, թող այստեղ համբերի ամենայն վշտի ու նեղության: Ով կամենում է ազատվել բոցածավալ ծովից, թող իր աչքերից արցունքներ հեղի այստեղ: Ով կամենում է անվնաս անցնել հրեղեն գետը, թող այստեղ ավելացնի իր ողորմությունը: Ով ցանկանում է մտնել անվրեպ վայելչության մեջ, թող այստեղ չզլանա այցելել հիվանդին: Ով հոժարում է լսել երանավետ ձայնը, որ ասում է՝ «Ազնիվ, բարի եւ հավատարի՛մ ծառա» (Մատթ. 25.21, 23,)թող այստեղ չփակի իր ականջները ողորմություն խնդրողների հանդեպ: Ով ախորժում է ժառանգել այն, ինչը «ո՛չ աչքը տեսավ, եւ ո՛չ ականջը լսեց» (Ա Կոր. 2.9), թող այստեղ դեգերի անդադար թախանձանքով: Ով կամենում է ըմպել Կյանքի աղբյուրից, թող այստեղ մաքուր եւ անարատ մնա աղտեղի ցանկություններից:

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ»

Գրաբարից փոխադրեց Տիգրան Խաչատրյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել