Որքանով որ հասցրել եմ հասկանալ, մեր պատմագետների ու բանասերների մեծ մասի մոտ ինչ-որ կոմպլեքս կա` մերժել նախամաշտոցյան գրի հավանականությունը: Այսինքն` ամեն կերպ մշուշել Դանիելյան նշանագրերի իսկությունը: Մի կողմից եզրակացնում են, որ Կորյունի հեղինակած «Վարք Մաշտոցի» աշխատությունը Մաշտոցի կյանքի, կոպիտ ասած, սրբագրումն ա, իսկ մյուս կողմից` թերհավատորեն են մոտենում Դանիելյան նշանագրերի մասին Կորյունի հիշատակմանը: Եթե այդ «սրբագիր» աշխատության մեջ հարկ ա եղել հստակ հիշատակելու այդ նշանագրերի մասին, իսկ հետագայում էլ այդ հիշատակումը չի դուրս մղվել, ապա դա արդեն իսկ լուրջ ենթադրությունների տեղիք ա տալիս:
Իմ պատկերացմամբ, թե մաշտոցյան գրի ու դանիելյան նշանագրերի միջև կապի մերժումը, թե առհասարակ դանիելյան նշանագրերի իսկությունը մերժվել ա հիմնականում կրոնի` քրիստոնեության քողի տակ: Համեմատական կարգով, եթե չլիներ Տրդատ Գ-ի խոզի տեսք ստանալու ու Լուսավորչի կողմից նրան բուժելու առասպելը, ապա քրիստոնեության ընդունման պահը այդքան ազդեցիկ չէր ընկալվի: Այսինքն, ընդունելով նախամաշտոցյան գրի գոյությունը, կամ Մաշտոցի կողմից այդ նշանագրերի փոխառնելու հանգամանքը` կմերժվեր ավանդական այն մոտեցումը, թե հայոց գիրը աստվածաշնորհ ա ու ի հայտ ա եկել տեսիլքի ձևով: Ուստի և մաշտոցյան գիրը կթերագնահատվեր, իսկ վատագույն դեպքում` կներկայացվեր որպես այլ դպրություններից փոխառնված:
Կորյունը հստակ ա նշում` գտնվեցին հայերեն լեզվի ալփաբետներ (նշանագրեր), իսկ հետո «պարզվում ա», որ նշանագրերը այլ դպրություններից թաղված ու հարություն էին առած: Այո, այդ նշանագրերից շատերը կարող ա և այլ դպրություններից էլ էին փոխառնված, որը շատ բնական էլ ա, բայց նրանք, ինչպես հենց Կորյունն ա գրում` հայերեն լեզվի նշանագրեր էին, ու բնական ա, որ նրանք ինչ-որ ժամանակաշրջանում որոշակի կիրառում են ունեցել Հայաստանում, հակառակ դեպքում` անհասկանալի կլիներ` «թաղված ու հարություն առած» հիշատակումը:
Վրաստանում էլ Մաշտոցի հանդեպ կա կոմպլեքս, ու նրանք էլ, ելնելով իրենց պատմական շահերից, ամեն կերպ փորձում են ապացուցել սեփական գրի գոյությունը` նախքան Մաշտոցը: Ու ի տարբերություն մեզ՝ Վրաստանում ամեն կերպ փորձում են իրենց գրի գոյությունը տեղավորել նույնիսկ մ.թ.ա.` ընդունելով հետագա խմբագրումները:
Ինչպիսի ծագում, գծապատկերային տեսք ու կիրառում էլ ունեցած լինեն Դանիելյան նշանագրերը, որքանով էլ փոխառնված լինինեն ու լիովին արտահայտած չլինեն հայոց լեզվի հնչյունաբանությունը, անկասկած մեր պատմական շահերից ա բխում ընդունել նրանց իսկությունը` անտեսելով կրոնական քողերը: Թե չէ մեզ փորձում են համոզել, որ հայ ժողովուրդը 3-րդ դարում ա ձեռք բերել «բարոյականություն», իսկ 4-րդում նոր սկսել ա մտահոգվել իր ազգային ամենագլխավոր արժեքը հայտնագործելու մասին: Ու դա էն դեպքում, երբ մ.թ.ա. 3-րդ հազարամյակում արդեն իսկ Հայաստանի մասին պատմական հիշատակումներ կան: