Մինչ ողջ համացանցը պայթում է ընկերության ու սիրո մասին ստատուսներից, մինչ ողջ օրը համակարգչի դիմաց անցկացնողը հիասթափված է կյանքից ու ընկերությունից, մեր շուրջը պտտվում են ընկերներն ու «դիմակավորները»: Հենց այդպես կարելի է տարբերել մարդկանց: Չնայած, այս հարցում շատերն են տառապում «դալտոնիզմով», չեն տարբերում «դիմակավորներին» եւ ընկերներին: Գրում ենք. «Մի վստահեք, չեն գնահատում», «Ես ունեմ ինձ, մենք կհաղթենք բոլորին» եւ շա՜տ այսպիսի արտահայտություններ: Բայց ընդունեք, մեզանից եւ ոչ ոք չի կարող ապրել մենակ, չորս պատի մեջ, առանց մեկի, ով կբռնի ձեռքդ եւ դուրս կբերի փոսից, իսկ հետո դրա փոխարեն հատուցում չի պահանջի: Գտնում ենք Ջոկերի նկարն ու մեզ զգում նրա, ֆիլմի հերոսի փոխարեն: Համաձայն եմ, կյանքում շատ են հիասթափությունները, սակայն մի մոռացեք, որ դրանք միայն ուժեղ դառնալու համար են: Առհասարակ պարտադիր չէ դրա մասին խոսել, լացել, առավել եւս ստատուս գրել համացանցում: Սթափվեք, կյանքը բավականին կարճ է նման բաներով զբաղվելու համար: Նման դեպքերը լինում են երկու տեսակի. Առաջին, երբ իրոք ձեր ընկերը «դիմակավորների» թվից է եւ երկրորդ, երբ խնդիրը հենց ձեր մեջ է: Այո, մենք միշտ պատրաստ ենք քննադատել բոլորին, դառնալ լավագույն հոգեբանը, մասնագետը, բժիշկը, հաղորդավարը, հրշեջը, ֆուտբոլիստը, կամ ուսուցիչն ու քննադատել բոլորին իրենց մասնագիտություններում, գտնել թերությունը, բայց երբեւէ հարց տալիս ենք. Իսկ մենք իրավունք ունենք քննադատելու, իսկ մենք անթերի ենք կատարում ցանկացած գործ: Նույնն էլ ընկերության մեջ է. Մենք հիանում ու կիսվում ենք մտքերով. «Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Եթե ձեզ դուր չեմ գալիս, ապա հեռացեք իմ կողքից, իսկական ընկերները կհասկանան ինձ եւ կմնան ինձ հետ»: Ոչ սիրելիներս, ոչ, դուք սխալվում եք: Երկու ձեռքը երես լվալիս հավասար են թրջվում, երկու ձեռք միմյանց ամուր սեղմելից երկուսն են ցավում: Եթե դուք կարծում եք, որ ձեր ընկերը պետք է հասկանա ձեզ, իսկ դուք նրան ոչ, ապա դուք առաջինը չգիտեք, թե ինչ է ընկերը: Չգիտեք, թե ինչպես մի գեղեցիկ օր այդ նույն ընկերը, ով կուլ տվեց ձեր բոլոր սխալ քայլերն ու խոսքերը, չի մեկնի ձեռքը, փոսից դուրս բերելու համար: Ժամանակն է գործել, ժամանակն է լինել մարդ, ժամանակն է լինել ընկեր: Մի ասացեք, թե այս դարում ընկերություն չկա: Չկա, քանզի դուք չեք տեսնում այն​​: Իսկ ես հպարտ եմ, հպարտ եմ, որ ունեմ ինձ շրջապատող հիանալի, բառացիորեն ֆանտաստիկ մարդիկ: Նրանք շատ քիչ են, սակայն կան, կան ու կողքիս են ցանկացած պահի: Բայց կարեւորը այն չէ, որ նրանք իմ կողքին են ցանկացած պահի, կարեւոր է այն, որ այդ ամենը իրոք փոխադարձ է ... Կյանքի լավագույն սկզբունքը հենց դա է, ապրեք, առաջնորդվելով հենց այդ մտքով: Պարտադիր չէ լինել կոտոշավոր, կամ կույր: Եղեք բարի, ազնիվ, բայց միաժամանակ սառնասիրտ ու դաժան: Կարողացեք պատժել ու պաշտպանել, հարգել ու նվաստացնել, սիրել ու ատել, լացել եւ լացացնել: Պարզապես կյանքում պետք է պատրաստ լինել ամեն ինչի: Նույնիսկ հեքիաթն է մի օր ավարտվելու: Հեքիաում էլ բարին հաղթում է չարին: Այս կյանքում ամեն ինչ փոխադարձ է ... Եվ հիշեք. Լավագույն ընկերները բաժին են հասնում նրանց, ովքեր կարողանում են լինել լավագույն ընկեր: Երջանիկ եղեք ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել