Երեկ, ձայների 422 կողմ, 250 դեմ և 47 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունված Եվրախորհրդարանի որոշմամբ, Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերն ընտրվեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ: Նա կստանձնի պաշտոնը 2014թ. նոյեմբերի 1-ից՝ դառնալով Եվրախորհրդարանի կողմից նշանակված Եվրահանձնաժողովի նախագահը: Մինչ այդ Եվրահանձնաժողովի նախագահը նշանակվում էր Եվրոպական խորհրդի կողմից, որում ընդգրկված են ԵՄ անդամ պետությունների ղեկավարները:
Եվրամիության գործադիր մարմնի նորընտիր ղեկավարը ներկայացրեց «Նոր մեկնարկ Եվրոպայի համար» հնչեղ անունը կրող իր գրագիրը, որում շարադրված են իր և հանձնաժողովի կողմից վերցվելիք քաղաքականության 10 առաջնահերթությունները: Մասնավորապես, նա կարևորեց ընդհանուր արտաքին քաղաքականության ձևավորման անհրաժեշտությունը:
«Մենք ունենք համատեղ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության անհապաղ կարիքը: Մենք պետք է ապահովենք, որ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն այլևս չխոչընդոտեն ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցչի գործունեությանը: Մեզ անհրաժեշտ է ունենալ միասնական ներկայացվածություն արտաքին աշխարհի առջև գերագույն ներկայացուցչի միջոցով», - ընդգծել է Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահը:
Նա հանդես է եկել ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման օգտին՝ ի հաշիվ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների լիազորությունների:
Բացի այդ, Յունկերը նշել է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում նոր անդամների ներգրավում չի լինելու:
Յունկերի որդեգրած դիրքորոշումը, սակայն, ակնհայտորեն չի բավարարում Մեծ Բրիտանիային, որի վարչապետ Դևիդ Քեմերոնը արդեն իսկ սպառնացել է, որ Յունկերի ընտրության դեպքում Մեծ Բրիտանիան կարող է և լքել Եվրամիության շարքերը: Նրան աջակցում է նաև Հունգարիան՝ ի դեմս վարչապետ Վիկտոր Օրբանի:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Եվրամիությունը արտաքին քաղաքական տեսակետից հայտնվել է որոշակի առումով ճգնաժամային իրավիճակում: Մի կողմից՝ գիտակցվում է, որ համատեղ արտաքին քաղաքականություն չունենալու դեպքում ինտեգրման անհրաժեշտ մակարդակը չի ապահովվի, որպիսի տեսակետի կրողն է նաև Յունկերը, մյուս կողմից՝ անդամ պետություններից առնվազն երկուսը իր ինքնիշխանությունից լրացուցիչ զիջումներ անել չի ցանկանում:
Հենց այդ լույսի ներքո է նաև հետագա ընդլայնման կասեցումը, քանզի եղածն էլ առայժմ չի «մարսվում»:
Մտածելու բան մենք էլ ունենք, քանզի նոր արտաքին քաղաքականության պարագայում փոխվելու է նաև գործակցության ձևաչափը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1445126895753250&id=100007678606149
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել