2 օր առաջ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստից առաջ հանդիպել է Նաիրիտի աշխատակիցների հետ, ովքեր ցույցի էին դուրս եկել աշխատավարձի վճարման հարցի հետ կապված:
Մարդիկ 16 ամիս աշխատավարձ չեն ստացել և դեռ մոտակա ժամանակահատվածում անգամ հույս էլ չունեն: Սա հարցի մի կողմն է: Մյուս կողմն ավելի զավեշտալի է թե ողբալի, դա թող ընթերցողները որոշեն: Պարզվում է, որ այդ գիգանտ գործարանի միայն 10տոկոս բաժնետերն է հայտնի, իսկ թե ով է մնացած 90 տոկոսի տերը, մեր խեղճ կառավարությունը մինչ այսօր չի կարողանում գտնել: Եվ սա հայտարարում է մեր այսօրվա կառավարության ղեկավարը, մեղքը բարդելով իր նախորդի` տխրահռչակ Տիգրան Սարգսյանի վրա:
Դուրս է գալիս, որ մեր պետությունը որոշ մարդկանց համար փող դիզելու դուքյան է, ով, երբ, ոնց կարողացել է կամ հաջողացրել, վաճառել է մեր պետության սեփականությունը հանդիսացող գույքն ու ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները օտարերկրացիներին:
Հիշեցման կարգով ասեմ, որ «Նաիրիտը» աշխարհի 5 գործարաններից մեկն է, ով արտադրում է քլորոպրենային կաուչուկ, իսկ ԱՊՀ նախկին տարածքում այն ուներ մենաշնորհային կարգավիճակ:1989 թվականին ինչ-ինչ պատճառներով «Նաիրիտի» գործունեությունը կանգնեցվեց, իսկ 1992-93 թվականներին այն սկսեց աշխատել, բայց մասնակիորեն: Սակայն էլի հիշեցման կարգով ասեմ, որ այդ ինչ-ինչ պատճառներից հիմնականը այս անգամ տխրահռչակ նախկին ՀՀՇ-ն է, ով այդ թվականներին ոչ միայն Նաիրիտի, այլև ատոմակայանի և մնացած այլ արդյունաբերական հսկաների աշխատանքը կանգնեցրեց ու մեր ազգաբնակչությանը որպես նվեր մատուցեց խավար, ցուրտ, գործազրկություն, որոնց պտուղներն առ այսօր քաղում ենք:
Հ.Աբրահամյանը խոստացել է առաջիկա շաբաթվա ընթացքում վճարել նաիրիտցիների մեկ ամսվա աշխատավարձը, սակայն ինչ միջոցներով դա հայտնի չի: Սակայն ցավալին այն է, որ նրանցից շատ-շատերի համար վարչապետի այս քայլը գնահատելի է, քանզի նա միակ պաշտոնյան է, ով իրենց հետ զրուցել է, լսել իրենց խնդիրների մասին: Բայց ոչ բոլորն են ընկալել, որ այս վարչապետն էլ նախորդի նման, իրենց խաբում է, որ եթե իրենց` վերնախավի ամբողջական համաձայնությունը չլիներ, եթե իրենք նույն կերակրամանից հավասարապես չօգտվեին, ապա իրենք այսօր այդ ողբալի դրության մեջ չէին լինի: Այսօր Նաիրիտը կաշխատեր, կունենաինք արդյունաբերություն, իսկ իրենք աշխատավարձի պարտքի մասին անգամ իրենց ամենասարսափելի երազներում չէին տեսնի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=306618036182368&id=100005025218444&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել