Այս պատմությունները վկայում են, թե որքան ընտանիքներ են կազմալուծվում, որքան կանայք են դժբախտանում և որքան երեխաներ են որբանում տղամարդկանց՝ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով: Այս պատմություններում լուսաբանվում է այդ երևույթի բացասական հետևանքներից ընդամենը մեկը՝ կնոջ խոցելիությունը հասարակության մեջ:
«Ոչ ոք այս ամենի համար ամուսնուս չի մեղադրի, իսկ իմ արարքը, վստահ եմ, կհամարեն անբարո»
«Ես երբեք լավ չեմ սովորել: Մի կերպ ավարտել եմ տասնամյակը և ամուսնացել: Երբ ծնվեց մեր երկրորդ երեխան, ամուսինս շատերի նման մեկնեց Ռուսաստան արտագնա աշխատանքի: Սկզբում նրանից կանոնավոր կերպով որոշակի գումար էինք ստանում, սակայն մի քանի ամիս անց մնացինք առանց գրոշի, նույնիսկ չէր էլ զանգում: Ստիպված սկսեցի աշխատանք փնտրել: Բայց ոչ կրթություն ունեմ, ոչ էլ ազդեցիկ բարեկամ, որ օգներ ինձ գոնե որևէ աշխատանք գտնելու հարցում: Ես բարետես կին եմ, միակ հույսս մնաց դա: Եթե Երևանում ապրեի, երևի ավելի հեշտ կլիներ գործ գտնելը:
Երկար որոնումներից հետո մի գրասենյակում ինձ որպես գործավար ընդունեցին: Իմ պարտականությունն էր օրվա մեջ մի քանի անգամ տնօրենի համար սուրճ եփելը, որոշ հեռախոսազանգերի պատասխանելը և երբ շեֆս իր կաբինետում քեֆ-խնջույք էր կազմակերպում, սեղան դնել-հավաքելը:
Դա դեռ ամենը չէ: Ընդհանուր առմամբ ես չեմ հետաքրքրում իմ ղեկավարին, նա երևի իր շրջապատի կանանցով է տարված, բայց երբեմն, երբ տրամադրություն չի ունենում կամ հակառակը, երբ լավ տրամադրություն է ունենում, սկսում է անվայել կատակներ անել ինձ հետ՝ չմոռանալով երեսիս շպրտել, որ եթե ինձ խելոք չպահեմ, աշխատանքից կհեռացնի: Չէ՞ որ որևէ կրթություն չունեմ, անգամ համակարգչով չեմ աշխատում:
Ահա այսպես դարձել եմ իմ տնօրենի պարապ վախտի խաղալիքը: Պարտավոր եմ կատարել նրա բոլոր քմահաճույքները, հանդուրժել ստորացումները, որովհետև շարունակ վախենում եմ, որ հակառակ դեպքում առանց աշխատանքի կմնան: Երբեմն մտածում եմ, որ եթե աշխատողներից որևէ մեկը ինչ որ բան նկատի, կարդարանամ, որ հանուն երեխաներիս եմ այդ ամենը հանդուրժում, թեպետ վստահ չեմ, որ դա ազնիվ է:
Բայց ինչո՞ւ ոչ ոք այս ամենի համար ամուսնուս չի մեղադրի, իսկ իմ արարքը, վստահ եմ, կհամարեն անբարո: Եթե մեծ քաղաքում ապրեի, այլ աշխատանք կփնտրեի, բայց այստեղ ամեն ամիս 25 հազար դրամը և կերուխումից հետո մնացած միրգն ու քաղցրեղենն էլ ինձ համար շքեղություն են»:
«Մարմինս ցավից տնքում էր, իսկ դեմքս ամբողջովին կապտած էր»
«Նոր էի ամուսնացել և սրտի թրթիռով սպասում էի երեխայիս ծնվելուն: Մի օր էլ ամուսինս ասաց, որ էլ չի կարող առանց աշխատանքի մնալ, մեկնում է Ռուսաստան: Ասաց, որ հետո ինձ էլ կկանչի: Տղաս արդեն 6-րդ դասարանում է, բայց ամուսինս դեռ չի վերադարձել: Նրա հարազատները երես են թեքել մեզանից, բամբասում են, թե իբր դավաճանում եմ ամուսնուս և նա, այդ մասին իմանալով, Ռուսաստանից չի վերադառնում:
Մի օր էլ երեկոյան, երբ պատրաստվում էի քնել (տղաս արդեն քնել էր), դուռը թակեցին: Հարցրի՝ ով է: Ձայնը շատ ծանոթ էր. տեգրս էր: Ես շատ զարմացա, որ հիշել է եղբոր տղայի մասին: Նա ներս մտավ, նստեց: Զգում էի, որ հայացքն ինձանից չի կտրում: Սուրճ առաջարկեցի, չուզեց: Փոխարենն օղի ուզեց: Ասացի, որ չկա: «Դե որ օղի չկա, քեզ եմ ուզում»,-ասաց:
Մարմնովս մեկ դող անցավ, տեղիցս վեր թռա, բայց նա վրա հասավ, ինձ բռնեց և տարավ ննջասենյակ: Հարվածում էր դեմքիս ու իր գործն անում, մինչև ուժասպառ եղա: Մի պահ նրան թվաց, թե ես գիտակցությունս կորցրել եմ, հավաքեց շորերն ու դուրս թռավ տնից:
Մարմինս ցավից տնքում էր, իսկ դեմքս ամբողջովին կապտած էր:
Մինչ օրս ոչ ոք չգիտի, թե ինչ է պատահել այդ գիշեր: Կապտուկներս նկատողներին ասում էի, թե նկուն եւ ընկել: Այդ օրվանից հետո այլևս չերևաց: Եթե տեսնեմ, հաստատ կսպանեմ: Նա 2 տարի է՝ Արմավիրից ընտանիքով հեռացել է»:
«Ամեն ինչ իմ կյանքում փոխվեց, երբ Հայաստանում կյանքը դժվարացավ»
«Ամուսնացա 20 տարեկանում: Իրար շատ էինք սիրում: Ամուսնուս ընտանիքը թեև բազմանդամ էր, բայց շատ համերաշխ էր: Ամեն մեկը գիտեր իր տեղն ու դերն ընտանիքում: Իրար չէին նեղացնում, երբեք բարձր չէին խոսում, կես խոսքից հասկանում էին իրար: Ես ինձ երջանիկ էի զգում: Ամուսինս սիրում ու հարգում էր ինձ, ուշադիր էր ու հոգատար: Բայց ամեն ինչ իմ կյանքում փոխվեց, երբ Հայաստանում կյանքը դժվարացավ:
Ամուսինս մեկնեց Ռուսաստան: Ասում էր, որ փող կուղարկի, ես էլ գնամ: Ժամանակ անցավ՝ ոչ փող ուղարկեց, ոչ էլ զանգում էր: Սպասեցի 5 տարի: Հետո հեռացա, բայց միշտ սպասում էի նրան: Ինձ լուրեր էին հասնում, որ նա կա, աշխատում է, իր հարազատների հետ կապ է պահպանում, իսկ իմ մասին ոչ մի խոսք: Ասես նրա կյանքում չէի էլ եղել: Ամուսնության առաջարկներ էին լինում, բայց ես այդ մասին չէի էլ ուզում լսել:
Չգիտեմ ինչպես, հարազատներիս հորդորներին ականջ դնելով, ամուսնացա մեր շատ հեռավոր բարեկամներից մեկի հետ: Պարզվեց, որ նա կոպիտ էր ու խանդոտ: Խմում էր ու հիշում իմ առաջին ամուսնության մասին: Ստիպում էր ուշ գիշերով գնալ, իր համար սիգարետ, օղի գնել: Ես հլու-հնազանդ ենթարկվում էի, չէի ուզում, որ հարևանները մեր ձայնը լսեն, չէ՞ որ դա իմ երկրորդ ամուսնությունն էր:
Կյանքս ավելի անտանելի դարձավ, երբ սկսեց առանց պատճառի ծեծել ինձ: Թուղթ էր խաղում, տանուլ տալիս: Հետո սկսեց թմրամոլությամբ զբաղվել: Ես նրա զոհն էի դարձել: Երկար չկարողացա դիմանալ: Մի անգամ էլ, երբ հորս ներկայությամբ ինձ ծեծեց, հայրս չդիմացավ, ասաց. «Վերադարձիր ու ընդհանրապես մոռացիր ամուսնության մասին»:
Արդեն 2 տարի է՝ վարձով եմ ապրում, աշխատում եմ, վատ չեմ վաստակում: Շրջապատում ինձ հարգում են, բայց ես շատ տխուր եմ ու մենակ: Երբեմն ինձ ճիշտ չհասկանալով՝ կյանքս երեսովս են տալիս. Հայաստանում 2 անգամ ամուսնալուծված կնոջ համար դժվար է հանգիստ ապրելը: Մեկ ամիս առաջ հորեղբորս տղան ասաց, որ առաջին ամուսինս ուզում է հանդիպել ինձ հետ, ներողություն խնդրել, իբր ուզում է, որ նորից ամուսնանանք, որ ես իր միակ կինն եմ: Ես չգիտեմ՝ ի՞նչ անեմ, ո՞ւմ դիմեմ: 3 անգամ նույն սխալը կրկնելու իրավունք չունեմ…»:
Պատմությունները տրամադրել է
« Կանանց իրավունքների կենտրոն»
հասարակական կազմակերպությունը