Բավականաչափ արձագանքների տեղիք տվեց դերասան Լևս Դավթյանի հարցազրույցը, ուր ինքը հայտարարում է, որ մոտ ապագայում պատրաստվում է արտագաղթել: Գտնվեցին մարդիկ, որ շտապեցին շուտափույթ կերպով դատապարտել այդ քայլը՝ առանց խորամուխ լինելու դերասանի բերած դրդապատճառների մեջ: Իհարկե, արտագաղթելը հարցի լուծում չէ և բոլոր պարագաներում դրվատելի չէ, սակայն դերասանի բերած պատճառաբանություններին անդրադառնալու կարիք, այնուամենայնիվ, կա:
Մասնավորապես, դերասանը հանդես է գալիս հետևյալ «քաղաքական» հայտարարությամբ.
«Ճիշտ ասած, երբ հանրահավաքներ էին լինում, նոր քաղաքական առաջնորդներ էին գալիս, մարդիկ հավատում էին, որ ինչ-որ բան կփոխվի։ Բայց նրանք արեցին ամենավատը, նրանք գողացան մարդկանց հավատը, և դա ինձ համար վերջին կաթիլն էր: Հիմա ես չեմ տեսնում մեկին, որին կարելի է հավատալ, նրա հետևից գնալ: Կարծում եմ` այս երկիրը կործանվում է, և չեմ ուզում իմ ընտանիքը, իմ երեխաները, իմ ապագան այս երկրում շարունակել: Առանց լիդերի ժողովուրդը չի կարող որևէ բան փոխել, դա կվերածվի քաոսի, կվերածվի Ուկրաինայի, աղետներ կլինեն: Այն լիդերներն էլ, որոնք կարող էին ինչ-որ բան անել, կամ ղարաբաղյան պատերազմում զոհվեցին, կամ հեռացվեցին ասպարեզից»:
Տվյալ դեպքում, կարելի է ասել, դերասանի բերանով խոսում է միջին վիճակագրական հայը: Մի կողմից՝ նա ուզում է տեսնել փոփոխություններ, սակայն մյուս կողմից՝ ակնկալում է, որ դրա համար անհրաժեշտ է առաջնորդ:
Ապա դերասանը շարունակում է. «Ես այդ (քաղաքացիական ակտիվիստների) պայքարների գաղափարների ճշմարտացիությանն էլ չեմ հավատում: Եթե ինչ-որ պայքար ֆինանսավորվում է դրսից, եվրոպական կառույցների կամ անհատների կողմից, ես այդ պայքարին էլ լրիվ չեմ հավատում: Մի քանի նախաձեռնությունների պայքարին հետևեցի, դրանց վերջը տեսա ու հասկացա, որ դրանց մեջ էլ ինչ-որ բան այն չէ»:
Այսպիսով, մի կողմից, դերասանը (և ի դեմս նրա՝ միջին վիճակագրական հայը) արտահայտում է իր հստակ դիրքորոշումը առ այն, որ ցայսօր հրապարակային քաղաքական առաջնորդները չարաշահել են ժողովրդի հավատն ու վստահությունը և հաղթանակի հասնելու փոխարեն նպաստել են երկրի կործանմանը: Ավելին՝ նաև արտահայտվում է շատ հստակ դիրքորոշում առ այն, որ որևէ պայքար չպետք է տարվի օտարերկրյա օժանդակությամբ, ֆինանսավորմամբ կամ ուղղորդմամբ:
Ու եթե լիդերի և արտագաղթի վերաբերյալ կարծիքները կարող են տարբերվել, ապա վերը թվարկված երկու հարցերում դերասանի կարծիքի հետ չհամաձայնել հնարավոր չէ:
Եվ սա պետք է լինի ուղենիշ ապագայի պետական և քաղաքական գործիչների համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1443098742622732&id=100007678606149&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել