1in.am-ը գրում է.
Աֆղանստանում նախագահական ընտրությունների լեգիտիմությունը կասկածելի է: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Քաբուլում Աֆղանստանին աջակցություն հատկացնելու հարցերով ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Յան Քուբիշի հետ հանդիպման ժամանակ:
Քերիի խոսքերով՝ «ընտրությունների լեգիտիմությունը կասկածելի է, ինչպես նաև անցումային շրջանի ապագան, այդ պատճառով էլ մենք շատ բան ունենք անելու»: «Մենք հուսով ենք, որ կհաջողվի գտնել այն ուղին, որում մենք կգտնենք մեր հարցերի պատասխանները, կցրենք աֆղան ժողովրդի կասկածները և կորոշենք ապագան: Սակայն այս փուլում դա չի կարող ինքնաբերաբար տեղի ունենալ»,- նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:
Հանդիպման ժամանակ Յան Կուբիշը առաջարկել է երկու շաբաթվա համար նախատեսված աուդիտորական պլան:
ՄԱԿ-ի կողմից արված առաջարկությունը մերժվել է նախագահի թեկնածու Ամբուլա Աբդուլայի կողմից, ով, նախնական տվյալներով, պարտվել է նախագահական քարոզարշավում: ԱԳ նախկին նախարարը և նրա կողմնակիցները պնդում են ստուգումներ անցկացնել մեծ թվով ընտրական տարածքներում:
ՄԱԿ-ի պլանի հիմնական հարցերը Քերին քննարկել է նաև Աֆղանստանի հեռացող նախագահ Համիդ Քարզայի հետ: Զրույցի ժամանակ Կարզայը հայտարարել է, որ ընդունելի է ցանկացած որոշում, որը կարող է վերջ դնել քաղաքական ճգնաժամին և չի հակազդում երկրի օրենսդրությանն ու նախագահի երկու թեկնածուների կամքին: Ընդ որում, նա ընդգծել է, որ երդման արարողությունը կկայանա օգոստոսի 2-ին:
Անկախ ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Աֆղանստանի նախագահական ընտրություններում հաղթել է Աշրաֆ Գանի Ահմադզայը, որը հավաքել է ձայների 56,44%-ը: Նրա մրցակիցը՝ Աբդուլա Աբդուլը, հավաքել է ձայների 43,56%-ը: Աբդուլը բողոքարկել է այդ արդյունքները՝ հայտարարելով ձայների զանգվածային կեղծման մասին: Դրանից հետո երկրում քաղաքական ճգնաժամ է ծագել:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է նախագահի երկու թեկնածուներին էլ, որ Աֆղանստանը կարող է զրկվել ամերիկյան օգնությունից, եթե նրանցից որևէ մեկը փորձի իշխանությանը տիրանալ անօրինական ճանապարհով: Օբաման հանգստության կոչ է արել և նշել է, որ բոլոր վիճելի հարցերը «պետք է լուծել քաղաքական երկխոսության» ճանապարհով:



