Առաջին հայացքից թվում է, թե հազիվ թե որևէ մեկը ուշադրություն դարձներ հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթին, սակայն այս գեղեցկության մրցույթը բազմաթիվ այլ մրցույթներից ավելի մեծ ուշադրություն գրավեց: Մրցույթն անցկացվել է միայն մեկ տարի՝ 2008 թ.-ին: Բոլոր մասնակիցներն ականների պայթյունի հետևանքով հաշմանդամ դարձած աֆրիկուհիներ էին: Մրցույթի նպատակն էր ցնցել ու ապշեցնել մարդկանց և իրազեկել նրանց Աֆրիկայի այն բնակիչների մասին, ովքեր ականների պայթյունի զոհն էին դարձել: Ականների պայթյունի զոհերի մասնակցությամբ գեղեցկության մրցույթ անցկացնելու մտահղացումը պատկանում է թատրոնի ռեժիսոր Մորտեն Թրաավիկին: Նորվեգացի այս տղամարդու նախաձեռնությունը թուր-թվանքով ընդունվեց շատերի կողմից: Նրան մեղադրում էին այն բանի մեջ, որ մասնակից կանայք պարզապես օգտագործվում էին, և նրանց դժբախտությունից շոու էր սարքվում: Ինչպես ցանկացած մրցույթում, այնպես էլ այստեղ, սահմանված էին որոշակի մրցանակներ: Առաջին տեղը զբաղեցրած մասնակցին պետք է ոտքի բարձրորակ ոսկեզօծ պրոթեզ շնորհվեր:
Թրաավիկի մոտ այսօրինակ գեղեցկության մրցույթ անցկացնելու գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ նա նկատեց, թե Անգոլայում որքան մեծ թվով մարդիկ էին ականների պայթյունից տարբեր վնասվածքներ ստանում: Այս ականները 20-րդ դարի քաղաքացիական պատերազմի մնացուկներն էին: Թրաավիկն արձակուրդին գնացել էր Անգոլա հանգստանալու և հենց այդ ժամանակ էլ հղացավ խեղանդամ կանանց գեղեցկության մրցույթ իրականացնելու գաղափարը: Իր մտահղացումը կյանքի կոչելու համար Թրաավիկը դիմեց Եվրամիության, Նորվեգական արվեստի խորհրդի և Անգոլայի ականազերծման հանձնաժողովի աջակցությանը, ինչպես նաև երկրի առաջին տիկնոջը: Թրաավիկին հաջողվեց անցկացնել «Միսս Ական» կոչվող գեղեցկության մրցույթը: Մրցույթին մասնակցում էր 10 կին: Գեղեցկության մրցույթի մեկնարկից ի վեր զոհերին օգնություն տրամադրելու համար հատուկ խումբ ստեղծվեց: Գեղեցկության մրցույթի մասնակիցները մյուս զոհերին տեղեկատվություն էին տրամադրում առողջապահության ու կրթության մասին: Թրաավիկի կարծիքով մրցույթն աննախադեպ հաջողություն ունեցավ, քանի որ դրանից հետո ողջ աշխարհում սկսեցին խոսել ականների պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած մարդկանց մասին: Նախատեսվում էր հաջորդ տարի գեղեցկության այս մրցույթն անցկացնել Կամբոջայում, սակայն Կամբոջայի կառավարությունը մրցույթից հաշված ժամեր առաջ հրավիրված արտահերթ հանդիպման ընթացքում արգելեց մրցույթի իրականացումը:








