Հիսուս Քրիստոսի ծննդից մոտ 2000 տարիներ առաջ, երբ աշխարհը խորապես ընկղմված էր կռապաշտության մեջ, հեթանոսական քաղաքակրթության կենտրոններից մեկում՝ քաղդեական Ուր քաղաքում, ապրում էր մի բարեպաշտ մարդ՝ Աբրամ անունով: Նա այն քչերից էր, ովքեր կարողացել էին անաղարտ պահել իրենց հավատը ճշմարիտ Աստծո հանդեպ: Մի օր նա հրաման ստացավ Տիրոջից թողնել իր հայրական տունը եւ գնալ իրեն անհայտ մի երկիր:
«Ես քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ, եւ դու օրհնյալ կլինես»,- ասաց Տերը [Ծն. 12.2]: Եվ Աբրամը հավատաց Աստծուն. հնազանդվելով Նրա կանչին՝ ուղեւորվեց դեպի Քանանի երկիրը՝ Պաղեստին: Սակայն Աբրամը տարակուսում էր. ինչպե՞ս կարող է իրականանալ Տիրոջ խոստումը, եթե ինքը զավակ չունի, քանի որ իր կինը՝ Սարան, ամուլ է: Այնինչ Տերն ասել էր, որ նրա սերունդների թիվը լինելու է երկնքի աստղերի չափ: Տեսնելով Աբրամի տարակուսանքը՝ Աստված հերթական անգամ հաստատեց Իր խոստումը՝ ասելով. «Նայի՛ր երկնքին ու հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես հաշվել դրանք»: Նա ավելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»: Աբրամը հավատաց Աստծուն, եւ այդ հավատը իր համար արդարություն համարվեց» [Ծն. 15.5-6]:
Երբ Աբրամն արդեն 99 տարեկան էր, տեսիլքով վերստին հաստատվեց Աստծո ուխտը նրա հետ: Այդ ժամանակ Տերը նոր անուն տվեց նրան՝ Աբրահամ, որ նշանակում է հայր բազմության, իսկ նրա կինը վերանվանվեց Սառա, այսինքն՝ իշխանուհի: «Ես կօրհնեմ Սառային, նրանից մի որդի կտամ քեզ ու կօրհնեմ նրան, եւ նրանից ժողովուրդներ կլինեն»,- խոստացավ Տերը [Ծն. 17.16]: Այս ուխտը տեսանելի նշանով հաստատելու համար Աստված պատվիրեց, որ Աբրահամի բոլոր սերունդների արու զավակները ծննդյան ութերորդ օրը թլփատվեն [Ծն. 17.10-11]:
Տերը հավատարիմ էր Իր խոստմանը, եւ Աբրահամը 100 տարեկանում որդի ունեցավ: Երեխայի անունը դրեցին Իսահակ, եւ երբ նա դարձավ 8 օրական, նրան թլփատեցին:
Որոշ ժամանակ անց Աբրահամի հավատը փորձելու նպատակով Աստված պատվիրեց, որ նա իր միակ զավակին զոհաբերի Իրեն [Ծն. 22.2]: Եվ Աբրահամը, հավատալով, որ Աստված կարող է մեռելներին հարություն տալ, անտրտունջ կերպով վերցրեց որդուն ու տարավ զոհաբերման վայրը: Բայց երբ նա ձեռքն առավ դանակը, որ իրականացնի Աստծո հրամանը, հանկարծ երկնքից լսվեց Տիրոջ հրեշտակի կանչը, որն արգելում էր դիպչել տղային: «Այժմ իմացա, որ դու վախենում ես Աստծուց եւ քո միակ որդուն չխնայեցիր Ինձ համար»,- ասաց Նա [Ծն. 22.13]: Եվ շրջվելով՝ հայրը թփերի մեջ մի խոյ նկատեց եւ Իսահակի փոխարեն նրան զոհաբերեց Աստծուն: Այսպես Աբրահամը փառավորվեց դարերում՝ որպես Աստծո կամքին բացարձակ հնազանդության եւ կատարյալ նվիրվածության օրինակ:
Իսահակի զոհաբերությունը Քրիստոսի խաչելության նախօրինակն էր. նրան զոհաբերելու տարավ իր հայրը՝ Աբրահամը, իսկ Քրիստոսին՝ երկնային Հայրը, ինչպես որ ասում է ս. Պողոս առաքյալը. «Նա, որ Իր Որդուն իսկ չխնայեց, այլ մեր բոլորի համար մահվան մատնեց Նրան, էլ ինչպե՞ս մեզ չի շնորհելու ամենայն ինչ Նրա հետ մեկտեղ» [Հռոմ. 8.32]:
Իսահակն ապրեց 180 տարի՝ հավատարիմ մնալով իր հոր միջոցով ստացած ուխտին: Նա ունեցավ երկու որդի՝ Հակոբ եւ Եսավ անուններով:
Աբրահամը մինչեւ իր կյանքի վերջն ապրեց Տիրոջ կողմից խոստացված երկրում եւ վախճանվեց 175 տարեկանում՝ անխախտ պահելով իր հավատը եւ այն փոխանցելով իր սերունդներին: Նրանք, ովքեր հետեւեցին այդ ուխտին, պարտավորվեցին հավատարիմ մնալ Աստծուն, ապրել սուրբ կյանքով եւ չծառայել հեթանոսական չաստվածներին: Եվ Աստված խոստացավ, որ նրանց միջոցով փրկելու է երկրի բոլոր ժողովուրդներին:
Եվ իրոք, Աբրահամ նահապետից սկիզբ առավ ճշմարիտ հավատը, որն աստիճանաբար աճեց ու զորացավ: Դրա շնորհիվ հնարավոր դարձավ ողջ մարդկային ցեղի փրկությունը. Աստծո Միածին Որդին իջավ երկիր: Այդ պատճառով Սուրբ Գրքում Աբրահամը հավատացյալների հայր է կոչվում:
Նյութի աղբյուր՝ http://ter-hambardzum.net/archives/9303
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել