Որքան ինձ հիշում եմ, ժամանակ առ ժամանակ կտրվում եմ սոցիումից, մխրճվում իմ փչակ-անկյունը, որտեղ նոթատետր ունեմ պահած, և կապ հաստատում անցյալի, ներկայի ու ապագայի հետ։ Գրառումներս բացարձակ կապ չունեն օրագրերի ընդունված ոճին (այն, որ գրում են սիրելի օրագիր, բլա, բլա, բլա․․․), այնտեղ գրի եմ առնում այն բոլոր հետաքրքիր մտքերը, գաղափարները, արվեստի գործերից ստացած տպավորություններս ու ընդհանուր վերլուծություններ․․․
Երեկ ամբողջ գիշեր չկարողացա քնել։ Մեկ գիրք կարդացի, մեկ ֆիլմ նայեցի, մեկ ուղղակի սուզվեցի անկողնուս մեջ՝ փորձելով կտրվել ու քանի ժամ քնել, բայց այդպես էլ չհաջողվեց։ Վեր կացա, գնացի գրապահարանիս մոտ, որտեղի խառնաշփոթից միայն ես եմ հասկանում, և եթե այնտեղ աղջկական դասավորվածություն լինի, երբեք չեմ կարող գտնել այն, ինչ ինձ պետք է։
Եվ այսպես, սկսեցի փորփրել հին թերթերը, ձեռագրերը և գտա մի նոթատետր, որի վրա գրված էր «2008թ․ փետրվար Երևան - 2011թ․ Տավուշ, Մեհրաբ․․․»
Կազմի փոշին մաքրեցի ու բացեցի, սկսեցի կարդալ առաջին էջը․․․
Ներսումս մրրիկ սկսվեց, ինչ-որ խառը զգացումներ սկսեցին զույգվել իրար հետ․․․ Տողերը լողացին։
Այդ տողերը գրող երիտասարդը ես չէի, ինչ-որ ուրիշ մեկն էր, նա ճառում էր գրքային դարձվածքներ, հոմանիշներ, ջինջ ռոմանտիկական գաղափարներ առաջ քաշում․․․ Ես տեսա նրան, զգացի իմ կողքին․ ուզում էի գոռալ, ուզում էի բացատրել նրան, որ ռոմանտիզմ գոյություն չունի այս մոլորակի վրա,որ պետք չէ հավատել այդ գրքերին, պետք չէ հավատալ մամուլին, հեռուստատեսությանը, ամբիոններից ճառողներին։ Պետք է հավատել միայն սառը, բիրտ ու անհաղորդ իրականությանը, այն է՝ ուժեղները խժռում են թույլերին։ Ուզում էի նրանց ցույց տալ, որ այստեղ բոլորը «մենթեր» են, հատկապես «մենթերի» դեմ պայքարողները․․․
Բայց մի պահ էլ նախանձեցի նրան, մի պահ սիրեցի նրա հավատն ու հույսը և զգացի, որ 4 տարի հետո հնարավոր է գտնեմ այս իմ նոթատետրը, նույն հուզմունքով բացեմ այն, կարդամ ու փորձեմ փոխել ինչ-որ բան․․․
Հասկացա նաև, որ անցյալ-ներկա-ապագա գոյություն չունի իրականում․․․ Գոյություն ունեն այս նոթատետրներն ու նրանց մեջ ապրողն ու ինքն իր դեմ պայքարողը․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/796341323744191
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել