Աշխարհի ստեղծման վեցերորդ օրը Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով եւ նմանությամբ եւ նրան իշխանություն տվեց ամբողջ աշխարհի վրա: Աստված Ադամին բնակեցրեց դրախտում: Եդեմի պարտեզը տրված էր մարդուն՝ մշակելու եւ պահելու համար: Տերը նրան թույլատրել էր ճաշակել այնտեղ աճող բոլոր ծառերից, սակայն մահվան սպառնալիքով արգելեց մոտենալ բարու եւ չարի գիտության ծառին:
Տեսնելով, որ Ադամն օգնականի կարիք ունի, Աստված մի օր, նրա վրա խոր քուն բերելով, վերցրեց նրա կողոսկրերից մեկը, տեղում միս լցրեց եւ այդ կողից մի կին ստեղծեց Ադամի համար: Ադամն արթնացավ, տեսավ նրան եւ ուրախացավ եւ անվանեց կին: Նրանք մերկ էին, սակայն դրանից չէին ամաչում, քանի որ նրանց մարմինները զգեստի փոխարեն ծածկված էին հայտնապես երեւացող աստվածային շնորհով՝ լուսեղեն պատմուճանով:
Եվ նրանք ապրում էին անհուն երանության մեջ՝ սիրելով միմյանց եւ հաղորդակցվելով Աստծո հետ:
Բայց մի օր առաջին օձը՝ սատանան, խաբեց կնոջը եւ դրդեց ուտել Աստծո կողմից արգելված ծառի պտղից: Այնուհետեւ կինը համոզեց Ադամին, եւ նա նույնպես կերավ: Այսպես նրանք խախտեցին պատվիրանը, որի հետեւանքով զրկվեցին շնորհից եւ սկսեցին ամաչել իրենց մերկությունից: Սակայն նրանք ոչ թե զղջացին մեղքի համար, այլ Ադամը պատճառ բերեց կնոջը, իսկ կինը՝ օձին: Այդժամ Աստված բարկացավ եւ նրանց արտաքսեց դրախտից:
Նախկին երանելի կյանքի փոխարեն նրանց բաժին հասան չարիքը, տառապանքն ու մահը: Այսուհետեւ նրանք երեսի քրտինքով պիտի վաստակեին իրենց օրվա հացը, իսկ կինը, որի անունը Ադամը Եվա դրեց (որ եբրայերեն նշանակում է կյանք), պիտի ցավերով ծննդաբերեր ու ենթարկվեր ամուսնուն:
Նյութի աղբյուր՝ http://ter-hambardzum.net/archives/9325
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել