«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տևական ժամանակ է, ինչ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արտերկրից հատուկ իմիջմեյքերներ է վարձել, ովքեր, թերթի հավաստմամբ, Ծառուկյանին նախագահական նիստուկաց, պահվածք և արարողակարգ են սովորեցնում:

Լուրի իսկությունը ճշտելու նպատակով թերթը զրուցել է ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով, ուղղակիորեն չհերքելով այդ փաստը, ասաց. «Գագիկ Ծառուկյանն ունի տարբեր մասնագետներից բաղկացած աշխատակազմ, որին անդրադառնալու նպատակահարմարություն չկա այս պահին: Դրանից զատ, ԲՀԿ նախագահը մշտապես տարբեր հանդիպումներ է ունենում տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց ու խմբերի հետ: Դրանք ոչ հրապարակային հանդիպումներ են, որոնց ընթացքում տեղի են ունենում տարբեր ոլորտների վերաբերյալ քննարկումներ ու մտքերի փոխանակումներ: Այդ հանդիպումները կրում են կանոնավոր բնույթ և դրանց մասնակցում են խմբեր ու մարդիկ ոչ միայն Հայաստանից, այլ նաև արտերկրի բազմաթիվ ոլորտներում լուրջ դերակատարում ունեցող անձինք»:

Թերթն արձանագրում է, որ Գ. Ծառուկյանն արդեն սկսել է պատրաստվել նախագահական ընտրություններին, և այս օրերից գոնե նիստուկացով փորձում է նախագահի նմանվել: Սակայն պետք է նկատել, որ այդ փորձագետների աշխատանքը զուր կանցնի, եթե վերջիններս չկարողանան ազդել Ծառուկյանի արարողակարգային ընդունելությունների, հագուստի և դրանց գույների ընտրության վրա:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել