Ֆրանսիայի նախկին նախագահ, ձերբակալված, ապա նաև կալանավորված Նիկոլա Սարկոզին առաջադրվող մեղադրանքները, պարզվում է, չեն սահմանափակվում L’Oreal հանրահայտ ընկերության հովանավորչությամբ և դատարանի ու դատախազի վրա չնշման գործադրման հոդվածներով:
Ըստ հրապարակումների, չի բացառվում, որ մոտ ժամանակներս նախկին նախագահին ևս մի մեղադրանք ներկայացվի: Դեռ կենդանության օրոք Լիբիական հեղափոխության առաջնորդ Մուհամմար Քադաֆին ու նրա որդի Սեիֆ ալ-Իսլամը ի լուր աշխարհի հայտարարել էին, որ 2007 թվականին իրենք նախագահական ընտրությունների քարոզարշավի ֆինանսավորման նպատակով Սարկոզիին 50 միլիոն եվրո են տրամադրել և պահանջում էին այն ետ վերադարձնել՝ նկատի առնելով, որ Ֆրանսիան ռազմական օպերացիա էր սկսել Լիբիայում: Բնական է, որ Սարկոզին չէր կարող այդ հարցը թողնել անհետևանք, քանզի նման բացահայտումը թողեց պայթաց ռումբի ազդեցություն: Եվ չկա ոչինչ զարմանալու, որ Ֆրանսիան ոչ միայն աջակցեց, այլև ակտիվորեն մասնակցեց Լիբիական ինտերվենցիային: Այդ ժամանակ դեռ գործող Նախագահին պետք էր, որ Քադդաֆիները հնարավորինս շուտ ավարտեին իրենց երկրային ուղին...
Մուհամմար Քադաֆին զոհվեց, բայց Սարկոզիին դա ոչ վերընտրվելու հարցում օգնեց, ոչ էլ, ինչպես երևում է, կօգնի արդարադատությունից խուսափելու հարցում: Ինքը՝ Սարկոզին, իր դեմ սկսված դատավարությունը ներկայացնում է որպես ներկայիս իշխանությունների քաղաքական պատվեր (ծանոթ վիճակ է, չէ՞), ինչը, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ ինքը նախատեսում է առաջադրել իր թեկնածությունը 2017 թվականի նախագահական ընտրություններում, իսկ իշխանություններն ուղղակի «սարսափած» են իր վերադարձից և ձգտում են ժամ առաջ իրեն չեզոքացնել:
Իհարկե, Ֆրանսիայի ներկայիս իշխանությունների գործունեությունից դժգոհների թիվը քիչ չէ, սակայն պարզ չէ, թե ինչու պիտի վերադարձնեն Սարկոզիին, ումից պակաս դժգոհ չէին:
Այս պատմության լույսի ներքո սկսում ես կարծել, որ մեր ու ֆրանսիական իրականություններում նմանություններ, այնուամենայնիվ, կան:
Իսկապես, ուրիշի արյունը մարսելն անհնար է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1440523709546902&id=100007678606149
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել