Տիեզերքի ուսումնասիրության ոլորտում հայ ժողովուրդը թեև ոչ մեծ, բայց, այնուամենայնիվ, որոշակի ավանդ ունի: Ի տարբերություն բազմաթիվ ժողովուրդների` մենք գոնե մեկ տիեզերագնաց ունեցել ենք: Ջեյմս Բաղյանի և նրա ընկերների թռիչքը իր ժամանակների համար հսկայական նշանակություն ունեցավ տիեզերագիտության համար:
Ոլորտում էլ ավելի մեծ ավանդ ունեցավ այս տարի կյանքից հեռացած ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը՝ հիմնելով և տասնամյակներ շարունակ ղեկավարելով Գառնիի տիեզերական հետազոտությունների կենտրոնը: Իսկ խորհրդային տարիներին մեր մի շարք գործարաններ արտադրանք էին ապահովում տիեզերագնացության բնագավառի համար:
Սակայն, ինչպես ասում են, ժամանակները փոխվել են և այդ ոլորտում սկսել է նվաճումներ արձանագրել երբևէ այդ ասպարեզում լուրջ դերակատարում չունեցած Ադրբեջանը: Օրերս հայտարարվեց, որ Ադրբեջանը, ունենալով տիեզերքի ոլորտում գործունեության ընդլայնման ծրագրեր, դրանք սկսել է տեղափոխել առարկայական տիրույթ: Այս տարվա մայիսին Ադրբեջանի տիեզերական գործակալությունը՝ «Azericosmos»-ը, ֆրանսիական «Airbus Defence and Space» ընկերության հետ համագործակցության պայմանագիր են ստորագրել, որը նախատեսում է նաև ադրբեջանական արբանյակների դուրս բերում տիեզերական ուղեծիր:
Եվ ահա, հունիսի 30-ին տիեզերք է ուղարկվել ցածր ուղեծրային արբանյակ, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը: Ըստ նրա, ուղեծիր է դուրս բերվել «SPOT-7» դասի արբանյակ, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում Երկիր մոլորակի գերճշգրիտ և որակյալ լուսանկարներ ստանալ: Ծրագրվում է, որ այդ արբանյակի կառավարումը ֆրանսիական ընկերությունը հետագայում կփոխանցի «Azericosmos»-ին: Այսպես կոչված հետախույզ-արբանյակի գործողության ժամկետը շուրջ 10 տարի է:
Թե ինչու համար է Ադրբեջանին հարկավոր հենց հետախույզ-արբանյակ, ակնհայտ է՝ այն օգտագործվելու է ՀՀ և ԼՂՀ տարածքները դիտարկելու նպատակով:
Իսկ ո՞ւմ կամ ինչի՞ն ենք սպասում մենք: Ակնհայտ է, չէ, որ այս ասպարեզը ևս շեշտակիորեն զարգացել է և այլևս մի քանի գերտերության սեփականությունը չէ:
Տաշած քարը, ինչպես ասում են, գետնին չի մնում: Դու չես խփում՝ քեզ են խփում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1440405986225341&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել