Մոլդովայի խորհրդարանի կողմից Եվրոպական Միության հետ ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո ստեղծվեց նոր իրավիճակ: Բոլորը սպասում էին, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանն այդ իրողությանը:
Ռուսաստանի փոխվարչապետ, Մերձդնեստրի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը գտնում է, որ «նախկին հարաբերություններն այլևս չեն լինի: Վստահ եմ, որ ԵՄ հետ ասոցացումը ոչ այլ ինչ է, եթե ոչ Մոլդովայի չեզոք կարգավիճակի փոփոխություն: Կա մի որոշակի կանոն, որը գիտեն բոլոր ՆԱՏՕ-ականները՝ ԵՄ-ին անդամակցեու համար նախ պետք է անդամակցել ՆԱՏՕ-ին: Մոլդովայի համար հաստատ հատուկ բացառություններ չեն անելու: Այդ իսկ պատճառով ԵՄ հետ ասոցացումն այն պահն է, երբ Մոլդովան կբռնի ՆԱՏՕ կոչված դռան բռնակը: Վաղը-մյուս օրն այդ դուռը կբացվի: Ես գտնում եմ, որ այդ պարագայում Ռուսաստանը պետք է վերանայի իր տնտեսական հարաբերությունները Մոլդովայի հետ, և պնդելու եմ այդ տեսակետը», - ասել է Դմիտրի Ռոգոզինը:
Նա չի բացառում նաև, որ Մոլդովայի նկատմամբ կսկսվի կիրառվել վիզային ռեժիմ: «Ամեն ինչ էլ հնարավոր է: Դրա համար պետք է ձևավորվեն որոշակի հանգամանքներ: Մեզ համար մոլդովացի աշխատանքային ներգաղթյալները խնդիր չեն: Դա մեզ մոտիկ ժողովուրդ է: Հարցն այն է, թե ինչու Ռուսաստանը պետք է պահպանի ներկայիս վիճակն այն դեպքում, երբ Մոլդովան, որն իր բյուջեն համալրում է աշխատանքային միգրացիայի միջոցով, դադարում է լինել Ռուսաստանի նկատմամբ եղբայրական, բարեկամական կամ գոնե չեզոք պետություն»,- նշել է նա:
Ինչպես հայտնի է, Մերձդնեստրի խորհրդարանը դիմել էր Ռուսաստանին՝ խնդրելով ճանաչել Մերձդնեստրի անկախությունը: Ռուսաստանը դեռևս այդ խնդրանքին որևէ կերպ չի արձագանքել: Սակայն իրավիճակը կրում է դինամիկ բնույթ, և հնարավոր է ցանկացած զարգացում:
Այսպիսով, պարզ է դառնում, որ ԵՄ հետ ասոցացման պարագայում Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալու առումով արվող հաշվարկները սին են: Ու այդ հանգամանքը ևս մեկ անգամ ապացուցում է չեզոքության գաղափարի ճշմարտացիությունը և արդյունավետությունը:
Ինչպես ասվում հեքիաթում՝ ձախ կգնաս՝ ձիդ կկորցնես, աջ կգնաս՝ կկորչես ինքդ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=326041720894076&id=100004647524817¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել