Պատմաբան ու քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի` զուտ այսօրվա ռուսական գիտահանրամատչելի «գաղտնազերծումների» ժանրում գրված երկարաշունչ այս հոդվածաշարն ինքնին հետաքրքիր է քաղաքական զեղումների գայթակղիչ ենթադրություններով: Եթե կարճ, ապա, ըստ Տարասովի, հնագիտական գործուղումով Նիկողայոս Մառը Անիում, իսկ Հովսեփ Օրբելին` նաև Արցախում, Ռուսաց կայսրության քաղաքական հանձնարարություն էին կատարում` կայսրության կազմում հայոց հնարավոր ազգային վարչական միավորի ստեղծման ճանապարհին, նպատակ ունենալով ստուգել ու համոզվել հայոց տեղաբնիկության հարցում, ապա` փնտրել ապագա վարչական միավորի կենտրոն-«մայրաքաղաքի» այլընտրանքային տարբերակներ: Դարձյալ, ըստ Տարասովի, Արցախ-Խաչենի վիմագրությանը նվիրված Օրբելու աշխատությունը (վիմագիր արձանագրությունների ընդօրինակությունները, վերծանությունները և մեկնաբանությունները) այդպես էլ լույս չի տեսել` քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով: Սա նույնքան անհեթեթ զավեշտ է ու վիրավորանք` պատկառելի գիտնականի հասցեին, որքան ադրբեջանցի «գիտնականների» շահարկումներն ու զեղծարարությունները, որոնց մասին խնամքով գրված է կցված նյութում և դրան հաջորդող հրապարակումներում: Նախ` Հովսեփ Օրբելին իր իսկ հրատարակության պատրաստած վիմագրերի ժողովածուի մեջ խոստովանել է, որ վիմագրերը արտագրել-հավաքել է, երբ երիտասարդ էր ու անփորձ, ուստի դրանք զերծ չեն վրիպակներից, քանի որ հետագայում տեղում կրկին ստուգելու հնարավորություն չի ունեցել (տես Բ.Ուլուբաբյանի «Խաչենի իշխանությունը 10-16-րդ դարերում» գրքի աղբյուրագիտական ակնարկը), երկրորդ` այն չի հրատարակվել զուտ տեխնիկական պատճառներով` Սանկտ-Պետերբուրգում հայերեն համապատասխան տառաձևերի բացակայության պատճառով: Նույն պատճառով լույս չի տեսել նաև Օրբելու` Անիի վիմագրերին նվիրված հատորը, որի լուսանկարչական թերթերը տպագրված պատրաստ էին և միայն կես դար անց` 1966-ին հրատարակվել են Երևանում, որպես «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի 1-ին հատոր: Վերջապես` մեծ հայագետն ու արևելագետը ինքն է տվել այս ամենի պատասխանը, ասելով` «ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՈՒՆ ՏԱՐԻՔ Է ՍԻՐՈՒՄ»: Իսկ Ադրբեջանցի «պատմաբանների» զեղծարարություններին հակադարձելով՝ հարգարժան Տարասովը զարմանալիորեն չի հիշատակում մի կարևոր հանգամանք ևս. դեռևս 17-18-րդ դարերում` հայ ազգային-ազատագրական պայքարի և հայ-ռուսական դիվանագիտական ակտիվ նամակագրության տարիներին (հրատարակված են 4 մեծադիր հատոր փաստաթղթեր և բազմաթիվ գրքեր, մեծ մասը` ռուսերեն լեզվով), ռուսաց կայսրությունում «Հայաստան» ասելով հաճախ հասկանում էին հենց ի դեմս մելիքական իշխանությունների պետականության բեկորները պահպանած և քրիստոնյա երկիր Արցախ-Խաչեն-Ղարաբաղը: Ադրբեջանական գիտա-քաղաքական տվայտանքներին պատասխանելու համար բավական էր հիշատակել Պետրոս Մեծից մինչև Եկատերինա Մեծի ժամանակաշրջանի բազմաթիվ փաստաթղթերից մեկի բնօրինակը... Եվ դա միայն Ստանիսլավ Տարասովին չի վերաբերում...

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել