Cosmo.am-ը գրում է.
Տղամարդիկ, վստահ եմ, միայն այս հոդվածի վերնագիրը կարդալով, կվրդովվեն. տարօրինակ արարածներ են այս կանայք. մեկ բողոքում են ուշադրության պակասից, մեկ` ուշադրության ավելցուկից:
Ըստ Գայանե Գալստյանի
Մենք ամենևին նպատակ չունենք վրդովեցնել մեր սիրելի տղամարդկանց. ընդամենն ուզում ենք պարզել՝ արդյոք չափից դուրս ուշադրությունը չի խանգարում հարաբերություններին:
«Նոր էինք սկսել հանդիպել: «Որտե՞ղ ես», «Ո՞ւր հասար», «Տա՞նն ես արդեն», «Ի՞նչ ես անում». սկզբում նրա հարցուփորձը և ուշադրությունը հաճելի էին, հետո զգացի, որ նրա այդչափ ակտիվությունը սկսում է կաշկանդել ու վանել ինձ,- պատմում է 25-ամյա Անին,- ես այն ժամանակ չէի հասկանում՝ ինչու դա ինձ դուր չի գալիս, իսկ այժմ հստակ գիտակցում եմ՝ նա այդպիսով ինքն իրեն մատուցում էր սկուտեղի մեջ՝ դառնալով անհետաքրքիր ու շատ հասանելի»: Ծանոթ իրավիճակ է հավանաբար. նախ հասկանանք՝ ինչու է տղամարդն այդպես պահում իրեն, և ինչպես պետք է «գործել» նման պարագայում:
Պարզիր նրա գերուշադրության պատճառը
1. Հնարավոր է` նրա մարդկային տեսակն է այդպիսին` հոգատար և ուշադիր. դա կարող ես զգալ՝ նրա հետ որոշ ժամանակ շփվելով, կամ նրբանկատ ձևով ճշտել նրա ընկերներից ու շրջապատից:
Ինչ անել
Իհարկե կարող ես առանց դեսուդեն ընկնելու ու ավելորդ ձևականությունների ասել. «Ինձ ավելի քիչ ուշադրություն է պետք»: Սակայն այս նախադասությունն ավելի կվնասի, քան կշտկի ձեր հարաբերությունները: Ավելի լավ է փոքր-ինչ համբերատար լինել ու բացահայտ խոսակցություն չսկսել այս թեմայով: Եվ հիշիր՝ մենք հիմնականում բողոքում ենք ուշադրության պակասից. հավանաբար, քո կյանքում էլ է եղել նման մի հարաբերություն: Հը՞, ո՞րն է ավելի գերադասելի: Վերջիվերջո, նայիր շուրջդ, քանի-քանի կանայք են բողոքում իրենց անտարբեր ու անուշադիր տղամարդկանցից:
2. Թաքնված խնդիր
Հնարավոր է, որ այս վերաբերմունքի խորքում խնդիր է թաքնված. նա վախենում է քեզ կորցնել, գուցե անցյալում այնպիսի կորուստ է ունեցել, որի հետ չի կարողանում հաշտվել մինչև այժմ:
Ինչ անել
Եթե պարզել ես, որ նման խնդիր կա, կրկին բացահայտ պարզաբանումների մի՛ գնա. նրբանկատորեն փորձիր հասկացնել, որ նա կարող է վստահել քեզ: Նրա մոտ աստիճանաբար կանցնի տարիներով կուտակված վախը, իսկ եթե առաջընթաց չես զգում, ապա փորձիր շատ զգուշորեն ու «հեռվից» թեմա բացել ու, եթե նա ցանկություն ունի, քննարկել անցյալը: Փորձված մեթոդ է. մենք ավելի շուտ ենք ազատվում խնդիրներից, երբ խոսում ենք դրանց մասին:
Եթե ուշադրությունը վերածվում է կպչունության
Մոլուցքի վերածվող ուշադրության դեպքում պետք է անհապաղ քայլերի անցնել. տղամարդուն այս դեպքում պետք է մասնագետի օգնություն, քանի որ նա ուզում է տիրել, ոչ թե՝ տալ: Ըստ հոգեբանի՝ սա հանգեցնում է անառողջ հարաբերությունների: Զգույշ եղիր նման դեպքում. ավելի նախընտրելի է հեռու մնալ ու պաշտպանվել, քանի որ նույնիսկ խոսելն ու քննարկելը չի օգնի:
3. Դու իր երազանքների «փերին» ես
Եթե նրա կարծիքով՝ դու իր երկրորդ կեսն ես, ու նա մինչև ականջների ծայրը սիրահարված է քեզ, ապա այս դեպքում նրա չափից դուրս ուշադրությունը թող քեզ շատ չանհանգստացնի. նա բուռն սիրահարվածության շրջանում է և ուզում է ամեն վայրկյան քո կողքին լինել ու իմանալ, թե ինչով ես զբաղված:
Ինչ անել
Նման ուշադրությունը հարատև չէ. հետզհետե այն պակասելու է: Այնպես որ, փորձիր թուլանալ ու վայելել ներկան: Իսկ եթե, այնուամենայնիվ, քեզ այն անհանգստացնում է, ապա նրա հետ զրուցելիս կատակով նշիր, որ մշտապես քո կողքին լինելով՝ չի թողնում անգամ մի փոքր կարոտես իրեն...
Գերուշադրությունը նվազեցնելու խորամանկ միջոց
Կա մի արդյունավետ միջոց, որով կարող ես թուլացնել լարումը. ինքդ նույնպես փոքր-ինչ ուշադիր եղիր նրա նկատմամբ՝ «Ո՞վ էր այն ծանոթը», «Ե՞րբ ես աշխատանքդ վերջացնում» և այլն: Քո այսպիսի վարքը կհանգստացնի նրան ու կջերմացնի հարաբերությունները: Վերջիվերջո, հնարավոր է՝ նա այդչափ ուշադիր է, քանի որ ուզում է նույնը քեզնից ստանալ:
4. Կնոջ յուրահատուկ տեսակ, որ խելքահան է անում տղամարդկանց
Կա կնոջ մի տեսակ, որն առանձնահատուկ գրավիչ է բոլոր տղամարդկանց համար. դա կայացած կնոջ կերպարն է, ով շատ լավ գիտի՝ ինչ է իրեն պետք, ունի հստակ տարանջատված անձնական տարածություն, որի մեջ երազում են հայտնվել արական սեռի ներկայացուցիչները: Այս կինն իր մեջ կրում է կանանց մի քանի տիպ («կին-հարեմ») ու հենց դրանով է հետաքրքրում տղամարդուն այնչափ, որ նա, գլուխը կորցնելով, ցանկանում է իրավիճակը վերահսկել ամեն պահ ու մշտապես նրան պահել իր տեսադաշտում:
Ինչ անել
Գուցե դու պատկանում ես այս տեսակին: Սա գիտակցելն, իհարկե, հաճելի է, բայց խնդիրներն այսքանով չեն լուծվում: Գուցե փորձես մի փոքր քեզ ավելի «թույլ» պահել ու ցույց տալ, որ դու ամենևին էլ «միսս Անկախությունը» չես ու երբեմն ունես իր կարիքը: Զգալով քո «թուլությունը» և «մոտ թողնելու» պատրաստակամությունը՝ նա կթուլացնի ճնշումը:
P.S. Ա. Պուշկինն ասել է. «Որքան քիչ ես սիրում կնոջը, այնքան նա ավելի շատ է համակրում քեզ»: Եթե քեզ անհանգստացնում է նրա ուշադրությունը, փորձիր անուղղակիորեն, ակնարկելով կամ «ընկերուհիներիցդ մեկի» օրինակը բերելով՝ խոսել այս մասին՝ նշելով, որ տղամարդու որոշ չափով անհասանելիությունը, մինչև վերջ չբացվելն ու գաղտնիությունը նրան առավել գրավիչ են դարձնում կնոջ աչքում: