Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպելու անհրաժեշտության հարցը մշտապես միջնորդ երկրների օրակարգում է: Դատելով նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու մասին վերջին օրերին հաճախակիացած կոչ-հայտարարություններից` ակնհայտ է դառնում, որ միջնորդների մոտ որոշակի անհանգստություն կա, ինչն առաջին հերթին պայմանավորված է սահմանագծում գրեթե չդադարող հրադադարի խախտումներով:

Ընդ որում՝ ադրբեջանցիների համար գնդակոծության թիրախ են ոչ միայն հայ դիրքապահներն ու մարտական հենակետերը, այլև բնակավայրերն ու դաշտում աշխատող քաղաքացիական անձինք:

Նախագահների ձևաչափով հանդիպման կազմակերպմամբ՝ միջնորդները, ամենայն հավանականությամբ, հույս ունեն կտրուկ լիցքաթափել սահմանին առկա լարվածությունը:

Մինչև համանախագահ երկրները տարբեր չինովնիկների շուրթերով խաղաղության հաստատման մասին կոչեր են հնչեցնում, Ադրբեջանը հող է նախապատրաստում՝ ակտիվացնելու իր գործողություններն առաջին գծում:

Նման եզրակացության կարելի է հանգել, մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այն հայտարարությունից, որտեղ նա խոսում է «հայկական կողմից հնչող կրակոցներին 1-ին 10 պատասխանելու ու մարտական հենակետեր գրավելու մասին»:

Որպես կանոն նախահարձակ գործողությունների դիմում է ադրբեջանական կողմը, ու այդ տեսանկյունից ադրբեջանցի ուժայինի հայտարարությունը տարօրինակ է թվում, սակայն հաշվի առնելով այն մեծ նախապատրաստությունը, որը իրականացնում է ադրբեջանական կողմն առաջին գծում, կարելի է ենթադրել, որ առաջնագծում սադրանքներն առավել կատիվանան, իսկ ադրբեջանական քարոզչական ապարատը այդ գործողությունները կփորձի ներկայացնել որպես «ինքնապաշտպանական» կամ «պատասխան գործողություններ»:

Համանախագահ երկրների հիշեցումներն ու հորդորները հիմնախնդրի խաղաղ կարգավորման մասին կարևոր են, սակայն ոչ պակաս կարևոր են այդ հայտարարությունների տակ դրվող քայլերը, քանզի մինչ միջազգային հանրությունը շարունակում է հերթապահ ձևակերպումներ հնչեցնել, Ադրբեջանը ծանր տեխնիկայի կուտակումներով հագեցնում է առաջնագիծը: 

Կից՝ կարդացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել