Սահմանադրության օրվա առիթով՝ «Հայազնի» ծրագրի ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ բաժինը՝

«Հայազնը» հաստատում է, որ Հայաստանի հանրապետությունում առկա է խորը հակասություն, մի կողմից, ազգային բնական կառուցվածքի և ներքին փոխհարաբերությունների, մյուս կողմից արևմտյան չափանիշներին համապատասխանեցված սահմանադրության և մնացած օրենսդրության միջև: Մենք համոզված ենք, որ ներկայիս պետական համակարգը որպես Հայոց պետություն չի կայանում ոչ այնքան հաջորդաբար իշխանությունը յուրացնող վարչախմբերի հանցավորության, ժողովրդի և պաշտոնեության անպատրաստության կամ ժողովրդավարական ավանդույթի պակասի պատճառով, որքան եվրոպաներից ընդօրինակված այդ համակարգի, որում բացառապես հաշվի չեն առնված ազգային մտագործունեության առանձնահատուկ պահանջները, ազգային հանրության մյուս յուրահատկությունները:
Ուստի «Հայազնը» առաջնահերթ նպատակ է հռչակում ազգային-պետականակերտման այնպիսի բարեփոխումների իրականացումը, որոնք ենթադրում են պետականության հիմնարար սկզբունքների համապատասխանեցում Հայոց ազգային նկարագրին, հոգևոր արժեքների համակարգին, արդարության և բարոյականության պատկերացումներին, ինքնակազմակերպման և հավաքաբար գործելու ազգային առանձնահատկություններին, ինչպես նաև պատմական արդի ժամանակաշրջանի մարտահրավերներից բխող հիմնախնդիրներին: Նման լայնածավալ բարեփոխումները հնարավոր չեն առանց նոր, գործողից, ինչպես նաև Արևմուտքում ընդունված այլ կաղապարներից հիմնովին տարբերվող սահմանադրության ընդունման: 
Մասնավորապես «Հայազնը» առաջարկում է վերանայել ներկայումս գործող պետական կաղապարի մի շարք հիմնական սկզբունքներ, փոխարինել դրանք պետության ազգային էությունից բխող այլ սկզբունքներով և լայնածավալ սահմանադրական փոփոխություններ իրականացնել հետևյալ չորս ուղղություններով.

1. Մրցակցությունը, որը սահմանադրությամբ ամրագրված է որպես քաղաքական, տնտեսական, դատաիրավական և այլ համակարգերի կազմակերպման գլխավոր սկզբունք, ազգային սահմանադրությունում պետք է փոխարինվի ազգային, ինչպես նաև համայնքային գործակցության (համագործակցության) սկզբունքով, քանզի ազգային (համայնքային) որոշումները չեն կարող պայմանավորված լինել տարաբնույթ և հատվածական նյութական շահերի բախմամբ, մրցակցությամբ կամ անգամ փոխզիջումներով:
2. Մարդու իրավունքների և ազատությունների սահմանադրությամբ ամրագրված գերակայությունը իր տեղը պետք է զիջի յուրաքանչյուր անձի ընտանեկան, համայնքային, ազգային և մարդկային պարտականությունների շեշտադրման սկզբունքին: Սահմանադրությամբ ամրագրված պետության ընդհանուր պարտականությունը պետք է լինի այնպիսի նախադրյալների ստեղծումը, որոնք համընդհանուր ճանաչված այս պարտականությունները կատարելու լայն և երաշխավորված հնարավորություն կստեղծեն բոլոր քաղաքացիների համար, այդ թվում պետական և ոչ պետական ներկայացուցչական մարմինների միջոցով: 
3. Իշխանական բուրգը և դրանում կենտրոնացված իրավասությունների ծավալը պետք է տարալուծվի ազգային կազմակերպության բնականորեն բազմաթիվ, տարաբնույթ և ցանցային ձևով փոխկապակցված շերտերում, որոնք պետք է օժտված լինեն իրենց բնույթին համապատասխանող առանձնահատուկ ինքնավարությամբ: 
4. Իրավահարաբերություններում հանդես եկող նախնական սուբյեկտների «քաղաքացի-պետություն» կառուցվածքը պետք է փոխարինվի ազգային հանրության բնական միավորներ հանդիսացող գործող անձերի «ընտանիք-համայնք-ազգ» կառուցվածքով:

«Հայազնի»` կողմից կազմված և համազգային քննարկման ներկայացվելիք ազգային-պետական սահմանադրության փաթեթային առաջարկությունը, գործող սահմանադրության համեմատ, կպարունակի մի շարք էական տարբերություններ: 
Մասնավորապես. 
1. Սահմանադրությամբ կսահմանվեն մարդու ազատությունն ու պատասխանատվությունը, ինչպես նաև բոլոր այն ընտանեկան, համայնքային, ազգային և մարդկային բարոյական պարտականությունները, որոնց լիարժեք կատարմանը աջակցում է պետությունը: 
2. Ազգային-պետական որոշումների կայացման համակարգը կլինի ապակուսակցականացված: 
3. Ազգային-պետական, ոլորտային, համայնքային որոշումների կայացմանը քաղաքացիների մասնակցությունը կլինի ավելի ուղղակի, անընդհատ և բազմաշերտ, բայց միևնույն ժամանակ ոչ պարզունակ, ավելի մեծ ճիգ, տեղեկացվածություն և պատասխանատվություն պահանջող:
4. Ներկայացուցչական քաղաքական մարմինների ընտրությունը հիմնականում կկազմակերպի վարկանիշային սկզբունքով, որը կապահովի թե համամասնականություն, թե անհատական պատասխանատվություն: Ընտրությունների հաճախականության հետ մեկտեղ այն նաև կապահովի քաղաքացիական վերահսկողություն:
5. Օրենսդիր բազմադահլիճ խորհրդարանը բաղկացած կլինի հավասարազոր, առանձնաբար ընտրվող և հաճախակի թարմացվող, մասնագիտացված դահլիճներից, որում օրենքներն ու որոշումները կընդունվեն բոլոր դահլիճներում խիստ որակյալ մեծամասնության քվեով:
6. Պետության քաղաքական առաջնորդությունը կիրականացնի ազգային ավագանին, որում յուրաքանչյուր անդամի քվեն համեմատական կլինի իր քաղաքական աջակցության կշռին: 
7. Կառավարությունը կլինի առանձին ձևավորվող և սեփական պատասխանատվությամբ գործող նախարարությունների համագործակցության, ինչպես նաև ազգային ավագանու կողմից ձևակերպվող քաղաքական պատվերները ստանձնելու հարթակ: Նախարարություններից յուրաքանչյուրի ներքին կառուցվածքը և ձևավորման կարգը կսահմանվի ոլորտի առանձնահատկություններին համապատասխան: 
8. Տեղական ինքնակառավարմաան ցանցը կդադարի ստորադասվել տարածքային կառավարման համակարգին: Համայնքային պատկանելությունը պայմանավորված կլինի քաղաքացիների ինքնությամբ, այլ ոչ տարածքով: Նրանք հնարավորություն կունենան լիարժեք ինքնավարություն իրականացնել բոլոր մակարդակի համայնքներում: Տարածքային կառավարման համակարգը կգործի համայնքային ինքնավարությանը զուգահեռ` ապահովելով յուրաքանչյուր տարածքում առկա համայնքների համամասնական մասնակցությունը:

«Հայազնի» նպատակն է ի վերջո հանրության կողմից ընդունելի դարձնել այն բազմաթիվ նոր դրույթները, որոնք բացակայում են միջազգային սահմանադրական մշակույթում, բայց լավագույնս համապատասխանում են ընդհանրապես ազգային և մասնավորապես Հայոց պետության առանձնահատկություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել