10524810_681851121888551_918698066_nԵրեկ Գյումրու Վարդանանց հրապարակում Շիրազի 100-ամյա hոբելյանին նվիրված տոնական երեկո էր կազմակերպվել, որին ներկա էին նաեւ Գալուստ Սահակյանը, Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը: Իհարկե, նմանատիպ տոնական երեկոներին մասնակցելը ոչ մեկին արգելված չէ: Բայց ինչո՞ւ եմ շեշտում հատկապես պատգամավորների եւ բարձրաստիճան պաշտոնյաների անունները: Մասնակցում եք, մասնակցեք, բայց ամեն անգամ, հատկապես Երեւանից ժամանած պաշտոնյաները, երբ Գյումրի են գալիս, թող գոնե գյումրեցիների համար մի լավ նորություն բերեն: Այլապես կարելի է մտածել՝ ձեւի համար եկան, գնացին: Գյումրիում հազար տեսակի խնդիրներ կան՝ բնակարանաշինության եւ այլն: Հայաստանում էլեկտրաէներգիայի գինն է բարձրանալու: Ամեն անգամ, երբ Երեւանից պաշտոնյաներ են գալիս մեր քաղաք, գյումրեցիներն ինչ-որ սպասելիքներ ունեն նրանցից, եւ կապ չունի՝ պաշտոնական, թե ոչ պաշտոնական այցով են գալիս Գյումրի: Մի երկու խոսք էլ կազմակերպված համերգի մասին: Եթե միջոցառումը Հովհաննես Շիրազի 100-ամյակին էր նվիրված, ապա միջոցառմանն ավելի շատ պետք է հնչեին Շիրազի բանաստեղծությունները, որպեսզի մարդիկ հոգեւոր սնունդ եւ բավարարվածություն ստանային: Ինչ մնում է համերգին, կատարումները լավ էին, բայց նախ աղմուկը շատ էր, իսկ միջոցառումն այնքան էլ կապ չուներ Շիրազի 100-ամյակի հետ. այսինքն, թե ինչին էր այն նպատակաուղղված, այնքան էլ պարզ չէր: Վերջին զանգին նվիրված տոնակատարություններն էլ չպետք է խառնել բանաստեղծներին կամ, ասենք, կոմպոզիտորներին նվիրված միջոցառումներին: Դրանք անհրաժեշտ է առանձին կազմակերպել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել