Ջոն Հեֆֆերնի հայտարարությունները լուրջ չընդունել չի կարելի, բայց դրանցից ողբերգություն սարքելն էլ է անընդունելի: Ի վերջո, անհրաժեշտ է հասկանալ, որ էդ մարդն ինքնագլուխ ոչինչ չի անում, այլ կատարում է պետդեպարտամենտից եկող ուղիղ հրահանգները: Սա չի նշանակում, որ Վաշինգտոնը լավ է պատկերացնում իր գործողությունների հետևանքները: ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մասին մենք փոքր-ինչ ավելի լավ կարծիք ունենք, քան այն դրան արժանի է, և փորձը ցույց է տալիս, որ ամերիկացիները միշտ չի, որ պատկերացնում են, թե ի՞նչ են բլթացնում և թե այդ բլթոցները ո՞ւր կհասցնեն (Ուկրաինան դրա վառ ապացույցն է): Միաժամանակ, սակայն, այս կերպ ամերիկացիները փորձում են գոնե նեյտրալ վիճակում պահել Ադրբեջանին, որին «քցել» են եվրոպացիները (այդ մասին բացեիբաց հայտարարել է Նովրուզ Մամեդովը, և դրա ուղղակի հետևանքն էր ԵԽԽՎ-ում Ալիևի ֆիասկոն), իսկ ռուսները դադարել են Ղարաբաղի հարցն օգտագործել որպես Ադրբեջանի վրա ուղիղ ազդեցության լծակ, քանի որ Ղրիմի հարցում պաշտոնական Բաքվի դիրքորոշումն ու գործողությունները Կրեմլի ձեռքում պակաս ցավ պատճառող դագանակ չեն: Եվ հենց այս ֆոնին է, որ ամերիկացիները փորձում են Բաքվում որպես «պահապան հրեշտակ» ներկայանալ, իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանը երգելու և պարելու արանքում զբաղված է, ըստ էության, Բաքվին ուղղված մեսիջներ ուղարկելով: Էս մարդու փեշակն էլ սա է: «Не стреляйте в пианиста. Он играет, как может».
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/846858098671619
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել