Հուլիսի 7-ին կկայանա «Տարվա լավագույն բժիշկ և բուժհիմնարկ» ամենամյա մրցանակաբաշխությունը. հանդիպում «Համազգային վստահության» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանի հետ (տեսագրություն)
2011 թվականին Հայաստանում ստեղծվեց «Համազգային վստահություն» խորհուրդը, որի հիմնական նպատակն է արժանավոր անձանց և ձեռնարկությունների աշխատանքի արժևորումն ու գնահատումը:
Բազմաթիվ գործարարներ, հասարակական և քաղաքական գործիչներ, հայուհիներ, բժիշկներ, արժանանալով հանրության վստահությանը, իրենց կատարած գործունեության համար արժանանում են նաև մրցանակների և ժողովրդի կողմից իրենց գնահատված զգում: Հուլիսի 7-ին Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Տարվա լավագույն բժիշկ և տարվա լավագույն բուժհիմնարկ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այս մասին մանրամասն զրուցեցինք «Բիզնես նյուզ» ընկերության տնօրեն և «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրանի հետ:
– Տիկին Խաչատրյան, ինչպե՞ս ստեղծվեց «Համազգային վստահության» խորհուրդը : Ովքե՞ր էին կանգնած այդ գաղափարի ակունքներում:
– Չորս տարի առաջ չորս համախոհ կազմակերպությունների՝ «Սոցիոմետ» անկախ սոցիոլոգիական կենտրոնի, «Էություն» հոգեբանական-հասարակական կազմակերպության, Հայաստանի Սպառողների միության և «Բիզնես նյուզ» ընկերության նախաձեռնությամբ Հայաստանում հիմք դրվեց «Աստղերի ինստիտուտի» ձևավորմանը: Աշխարհի զարգացած երկրներից շատերում ընդունված է անդրադառնալ հասարակության գործունեության տարբեր ոլորտներին և, հիմնվելով մի շարք չափանիշների վրա, առանձնացնել այդ բնագավառների լավագույններին: Հայաստանում այս նախագիծն իրականացնելու նպատակով ստեղծվեց «Համազգային վստահություն» խորհուրդը, որի անդամները դարձան հենց այդ չորս կազմակերպությունները: Այս երիտասարդ կառույցը, որի նախագահն եմ, իր գոյության չորս տարիների ընթացքում արդեն հասցրել է իրականացնել բազմաթիվ կարևոր ծրագրեր, կազմակերպել մի շարք հետաքրքիր միջոցառումներ՝ «Տարվա լավագույն ապրանքանիշ և տարվա լավագույն հանրային ծառայող», «Տարվա բժիշկ և բուժհիմնարկ», «Հայուհի», «Արեգ» մանկական ապրանքների և ծառայությունների մրցանակաբաշխությունները, ստեղծել «Համազգային վստահություն» հանդեսը, հրատարակել «Մեր օրերի հայ անվանի կանայք» գիրքը և այլն:
– Հայաստանում վերջին տարիներին հաճախակի են դարձել տարբեր մրցանակաբաշխությունները: Ինչո՞վ է տարբերվում այս մրցանակաբաշխությունն ուրիշներից:
– Երբ «Համազգային վստահություն» խորհուրդն իր առաջին քայլերն էր անում, խոստովանենք՝ մի մտավախություն ունեինք. արդյո՞ք մեր նախաձեռնությունները համարժեքորեն կընկալվեն հանրության կողմից: Արդյո՞ք լավագույնների առանձնացումը և, առավել ևս, նրանց գնահատումն ու մեծարումը չեն ստվերի հարյուրավոր այլ արժանավորների վաստակը, և արդյո՞ք քչերի փառքը չի կաշկանդի շատերի ստեղծագործ եռանդը: Բարեբախտաբար, մեր մտահոգությունը չափազանցված էր, որովհետև առաջին իսկ մրցանակաբաշխությունից պարզ դարձավ, որ մարդու և նրա աշխատանքի գնահատումը բոլորի սրտով է, մանավանդ, երբ բխում է ոչ թե որևէ կառույցի կամ կազմակերպության ճաշակից, կամ կորպորատիվ որոշումից, այլ համազգային վստահության ակնհայտ ցուցանիշներից: Այդ ցուցանիշները հաստատված են համաժողովրդական քվեարկության և փորձագիտական եզրակացության արդյունքներով, ինչը հենց այս նախաձեռնության լրջության և վստահելիության գլխավոր և բացարձակ երաշխիքն է:
– Մի փոքր խոսենք նաև «Տարվա լավագույն բժիշկ և տարվա լավագույն բուժհիմնարկ» ամենամյա մրցանակաբաշխությունից, ո՞րն է միջոցառման նպատակը:
– Առողջապահությունը մեզ մոտ հստակ զարգացող ոլորտներից է: Մենք ականատեսն ենք՝ ինչպես են գրանցվում հաջողություններ: Այս ամենը պատշաճ բարձրաձայնման և ներկայացման կարիք ունի: «Համազգային վստահություն» խորհուրդը նպատակ ունի «Աստղերի ինստիտուտ» ձևավորել նաև այս ոլորտում: Այս տարի շուրջ 30 անվանակարգ է ներկայացված: Արդեն լեգենդար բժիշկների կողքին մենք մեծ տեղ ենք հատկացրել երիտասարդ կադրերին և մարզային բժիշկներին: Ուսումնասիրություն ենք կատարել մարզերում, հատկապես սահմանամերձ տարածաշրջաններում. այստեղ իսկապես կան բարձր որակավորմամբ, լավագույնի կոչմանն արժանի բժիշկներ:
– Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում լավագույնների ընտրության հարցում:
– Մեր գործադրած մեխանիզմի էությունն այն է, որ լավագույններին որոշում է ոչ թե անհատը կամ խումբը, այլ հենց ինքը՝ հանրությունը: Ընդհանրապես, գնահատելու մշակույթը յուրաքանչյուր հասարակության կյանքում կայուն և կենսունակ արժեհամակարգ ունենալու կարևորագույն պայման է: Հանրությունը պետք է ճանաչի լավագույններին: Ընդ որում, նրանց մեծարումը պետք է ոչ միայն մեծարվողներին, այլև հենց իրենց՝ մեծարողներին, որովհետև լավագույնին բարձրացնելով՝ բարձրանում ես ինքդ: Սրանք չափազանց կարևոր գործոններ են ժողովրդավարության ճանապարհը բռնած երիտասարդ երկրի զարգացման համար:
– Մոտ ապագայում ի՞նչ նոր ծրագրեր ունեք:
– Բազմաթիվ ծրագրեր… Ունենք բազում նոր գաղափարներ, որոնք կյանքի ենք սկսել կոչել: «Համազգային վստահություն» խորհուրդը առաջիկայում հանդես կգա նոր անակնկալներով, որոնց թվում են երկու գրքի հրատարակություն, սոցիալական տարբեր ծրագրեր ու միջոցառումներ :