Հաագա, 3 հուլիսի 2014 – Նիդերլանդների 12 մարզերից մեկի՝ Օվերեյսելի մարզային խորհրդարանը, որի տարածքում է գտնվում Ալմելո հայաշատ քաղաքը, 2014 թ. հուլիսի 2-ի կայացած նիստում ընդունել է մի բանաձև, որտեղ հատուկ դիրքորոշում է արտահայտել անցած ապրիլի 24-ին, ապա հունիսի մեկին Ալմելոյի հայկական եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության հուշարձանի դեմ թուրք-ազերիների անցկացրած բողոքի ցույցերի կապակցությամբ, որտեղ հնչել էին հակահայկական ռասիստական բնույթի կոչեր: Բանաձևը, որ ներկայացրել են Քրիստոնեական միություն (CU), Բարեփոխված քաղաքական կուսակցություն (SGP), Ազատության համար կուսակցություն (PVV) և Քրիստոնյա-դեմոկրատական (CDA) խմբակցությունների պատգամավորները, փաստորեն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթում վկայակոչվում է 1915-1918 թթ. Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն մարդկանց (հայերի, ասորիների և պոնտացի հույների) գազանաբարո ջարդերը:



