Թուրքական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, համաձայն որի՝ սեպտեմբերից հետո կբացվի հայ-թուրքական սահմանը, և որ այդ քայլի նախաձեռնությունը նախագահի թեկնածու Էրդողանինն է: Ընդ որում, խիստ հատկանշական է հանգամանքը, որ սահմանի վերաբացման համար հայկական կողմի առաջ որևէ պայման կամ նախապայման դրված չէ (գոնե առայժմ), իսկ Էրդողանի մտադրությունը ներկայացվում է որպես բարի կամքի ժեստ: Միաժամանակ նշվում է, որ նման ձևով Թուրքիան կփորձի բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, քանի որ հայ-թուրքական սահմանի վերաբացման նախաձեռնությամբ 2008 թվականին հանդես էր եկել Վաշինգտոնը:
Դնենք մի կողմ, թե ինչ ընդհանրություն կարող են ունենալ Էրդողանը` մասնավորապես, և «բարի կամք» բառակապակցությունը` ընդհանրապես: Ըստ իս, դրանք բացարձակ անհամատեղելի երևույթներ են: Բացի այդ, չեմ կարծում, թե այս հնարավոր քայլը մեսիջ է` ուղղված ԱՄՆ-ին: Գոնե այս պահին Վաշինգտոնին այնքան էլ ձեռնտու չէ դեպքերի նման զարգացումը: Ըստ երևույթին, սա թուրքական արտաքին քաղաքականությունը վերջնական կոլապսից փրկելու հուսահատ միջոց է, քանի որ, որքան էլ տարօրինակ չհնչի, Հայաստանը Թուրքիայի միակ հարևանն է, որի հետ պաշտոնական Անկարան դեռ կարող է բարելավել հարաբերությունները: Բացի դրանից, պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ եթե սկսած 1993 թվականից Թուրքիան հնարավոր էր համարում զմռսված պահել հայ-թուրքական սահմանը, ապա 2014 թվականին Անկարան չի կարող իրեն թույլ տալ այնպիսի շքեղություն, ինչպիսին է Թուրքիա-Մաքսային միություն ցամաքային սահմանի շրջափակումը: Իսկ ամենազավեշտալին այն է, որ Անկարային այս որոշմանը հասցնելու համար Հայաստանից առանձնակի ջանքեր չպահանջվեցին: Հայաստանը սպասում էր, թե երբ Թուրքիան ինքը կհասունանա: Չինական իմաստությունն ասում է. «Եթե երկար նստես գետի ափին, ապա կտեսնես թշնամուդ լողացող դիակը»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/846308498726579?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել