1in.am-ը գրում է.
Ցանցահենները հինգշաբթի կոտրել են Իսրայելի պաշտպանության բանակի Twitter-ի օգտահաշիվը: Կիբերանվտանգության ոլորտի ռազմական փորձագետներին հաջողվել է մի քանի րոպեում վերականգնել վերահսկողությունը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Երեկ երեկոյան տեղեկություն էր հայտնվել միկրոբլոգում տարածաշրջանում ռադիոակտիվ արտահոսքի մասին՝ Դիմոնայի միջուկային օբյեկտում երկու հրթիռների անկման հետևանքով: Դրանից հետո հայտնվել է «Պաղեստինը ողջունում է» հաղորդագրությունը:
«Մենք ներողություն ենք խնդրում սխալ հաղորդագրությունների համար, մեր Twitter-ը կոտրվել էր»,- ասել է իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Լերները: Նրա խոսքով՝ իրենք կպայքարեն ահաբեկչության դեմ բոլոր ճակատներում՝ ներառյալ կիբերտարածությունում:
Հաղորդվում է, որ միկրոբլոգը կոտրելու պատասխանատվությունը ստանձնել է Սիրիական էլեկտրոնային բանակը: