«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը Իրաքում գրավել է մի շարք բնակավայրեր, ակտիվ է նաև հարևան Սիրիայում ու օրեր առաջ հռչակեց իսլամական խալիֆայության ստեղծումն այս երկու պետությունների տարածքում:
Իրաքի շիիթական կառավարությունը՝ Նուրի ալ-Մալիկիի գլխավորությամբ, անկենսունակ է ու չի վերահսկում իրավիճակը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի իրաքյան քաղաքականությունը ձախողվել է, ու հիմա նա, ըստ էության, չորս տարբերակ ունի:
Առաջինը՝ իսլամիստների ուղղությամբ նպատակային օդային հարվածներն են, որոնք, սակայն, պակաս արդյունավետ են, որովհետև գործ ունենք ոչ թե կանոնավոր բանակի, այլ արագ տեղաշարժվող զինյալների հետ:
Երկրորդ տարբերակը՝ համագործակցությունն է Իրանի հետ, որը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորմանն ատում է գուցե ավելի, քան՝ ամերիկացիները: Սակայն այստեղ էլ կան պրոբլեմներ. ամեն դեպքում՝ Իրանը շարունակում է մնալ Վաշինգտոնի թիվ մեկ ռեգիոնալ հակառակորդը, և հետո՝ տարբեր են ԱՄՆ-ի ու Իրանի պատկերացումները Իրաքի ապագայի հանդեպ:
Թեհրանի նպատակը Իրաքում շիիթական կառավարության պահպանումն է: Կաբինետ, որը լիովին կվերահսկվի իրանցիների կողմից: Վաշինգտոնը ձգտում է ժամանակակից պրոարևմտյան կառավարության ձևավորմանը, որտեղ ներկայացված կլինեն Իրաքի հասարակության բոլոր շերտերը՝ սուննիները, շիաները, քրդերը:
ԱՄՆ-ի երրորդ տարբերակն այն է, որ չմիջամտի ու թույլ տա երեք պետության առաջացում Իրաքի տարածքում: Ի դեպ, այս գաղափարը պաշտպանվում է փոխնախագահ Ջո Բայդենի կողմից:
Բայց այս դեպքում Վաշինգտոնի պրբլեմները չեն պակասում, որովհետև նա ունենում է մեկ լոյալ պետություն՝ Քուրդիստանի դեմքով, ու երկու պետություններ, որոնցից շիիթականը դառնում է Իրանի կցորդ, իսկ սուննիթականում իշխանության են գալիս ծայրահեղականները:
Ամենառացիոնալ տարբերակն այն է, որ գտնվի ալ-Մալիկիին փոխարինող, ով կդառնա ազգային համաձայնության կառավարության ղեկավարը:
Բայց Օբաման դեռ հապաղում է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել