ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ համանախագահ երկիր հույս է հայտնում, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի հրավերը` որքան հնարավոր է շուտ հանդիպում ունենալ Փարիզում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Փսակին: Տեղեկանում ենք Պետքարտուղարության պաշտոնական կայքից:
Հարց ու պատասխանի ժամանակ Փսակիին հարց է ուղղվել այն մասին, որ Ադրբեջանում տեղի է ունենում հակահայկական հռետորաբանության նկատելի ուժեղացում, Ալիևը Հայաստանը անվանում է Ադրբեջանի պատմական հող, ինչը շատ վերլուծաբաններ արդեն իսկ դիտարկում են որպես տարածքային պահանջ, իսկ մյուս կողմից էլ ադրբեջանական զինված ուժերը կոպտորեն խախտում են հրադադարի ռեժիմը` ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում, այլ նաև ՀՀ սահմանին, գնդակոծում գյուղական բնակավայրերը, հետևաբար այս համատեքստում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` ԱՄՆ գործադրո՞ւմ է ինչ-որ ջանքեր Ադրբեջանին նման քայլերից հետ պահելու համար:
«Ես չունեմ այդ կոնկրետ հաղորդագրությունների հաստատումը, սակայն, անկասկած, խաղաղ կարգավորումը բխում է երկու կողմերի շահերից»,- ի պատասխան արված դիտարկումներին և հարցադրմանը` ասել է Ջ. Փսակին:
Վերջինս նաև նշել է, որ ԱՄՆ-ն` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, հավատարիմ է օգնելու կողմերին` հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Կոչ ենք անում երկու կողմերին էլ կրկնապատկել իրենց ջանքերը բանակցային սեղանի շուրջ և կենտրոնանալ այն բանի վրա, որ խաղաղությունը շահավետ է ողջ տարածարջանի համար: Ակնհայտ է որ, հրահրող հռետորաբանությունը և հայտարարությունները հակասում են լարվածության նվազեցման սկզբունքին, ուստի, կարծում ենք, որ այդ ամենը վնասում է խաղաղության հաստատման գործընթացին, հետևաբար քաջալերում ենք կողմերին կրկնապատկել գործադրվող ջանքերը»,- նշել է Ջ. Փսակին: