Lurer.com-ը գրում է.

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը կանխել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական շոուն նրան հարցեր չտալով: Փոխարենը, Ալիևի ելույթը վերածվել է հակաեվրոպական շոուի, քանի որ բոլոր սուր հարցերը նրան տվել են եվրոպական երկրների պատվիրակները: Հայկական պատվիրակությունը մինչ Ստրասբուրգն գնալն է քննարկել գործողությունների ծրագիրն ու, տեղում էլ հասկանալով իրավիճակը, համատեղ որոշում է կայացրել հարցեր չտալ Ալիևին: Սա մարտավարություն էր, որը, ըստ Ազգային ժողովի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի, հաջողված է: «Եթե մենք հարցեր տայինք, Ադրբեջանի նախագահին հնարավորություն կտայինք պատասխաններում ուժեղացնել հակահայկական հռետորաբանությունը, հակահայ շոու ցուցադրել, ինչը չէինք կարող թույլ տալ»,- հուլիսի 3-ին Ազգային ժողովում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Նաղդալյանը հավելելով, որ հայկական պատվիրակությունն աշխատել է համախմբված և ցուցաբերել ուժեղ կամք և պատրաստվածություն: Նաղդալյանը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության բոլոր անդամներին փորձառու քաղաքական գործիչներ է համարում: «Մենք այդ հարցում միասնական կարծիք ենք դրսևորել: Գոյություն ունեն մի շարք հարցեր, որոնք կարելի էր բարձրաձայնել ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում, սակայն այս դեպքում, երբ հարց տվողը 30 վայրկյան ունի՝ առանց պատասխանը մեկնաբանելու հնարավորության, հարց տալը դառնում էր անիմաստ»,- ասաց Նաղդալյանը պատվիրակության անդամներին քննադատողներին խորհուրդ տալով իրենց գնահատել ոչ թե խոսքով, այլ գործով:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մեկ այլ անդամ Նաիրա Կարապետյանի ներկայացմամբ ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում հայ պատվիրակների հանդեպ Ալիևի ամբողջ ագրեսիան թափվեց եվրոպացի խորհրդարանականների վրա: «Ադրբեջանի նախագահը հերթական անգամ ցույց տվեց իր իրական դեմքը և նրա այդ պահվածքը քննարկում էին Եվրոպայի խորհրդի բոլոր պատվիրակները»,- ասաց նա:

Ըստ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանի իրենք հատուկ հարց չեն տվել, որպեսզի այդ կերպ արգելեն Իլհամ Ալիևին Հայաստանի և հայկական պատվիրակության հասցեին անհաճո խոսքեր հնչեցնել: «Մենք չէինք կարող թույլ տալ, որ ԵԽԽՎ նստաշրջանը դառնար ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների պարզաբանման թատերաբեմ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Հերմինե Նաղդալյանն էլ հիշեցրեց, որ ԵԽԽՎ նախորդ նստաշրջանների ժամանակ, երբ հայկական պատվիրակությունը հարց է ուղղել Թուրքիայի վարչապետին կամ արտաքին գործերի նախարարին և ի պատասխան թուրքական կողմն անդրադարձել է հայկական հարցին և քննադատել, Հայաստանում կրկին քննադատում էին Հայաստանի պատվիրակությանը, որ հաշվի չեն առել հանգամանքը, որ պատասխանից հետո մեկնաբանության իրավունք հարց տվողը չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել