4724_b1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ը կողմ է Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները կազմակերպելու Ֆրանսիայի նախաձեռնությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին՝ մեկնաբանելով շփման գծում իրավիճակի սրման մասին տեղեկությունները:

«Ես չունեմ այդ կոնկրետ տեղեկությունների հաստատումը, բայց, անխոս, խաղաղ կարգավորումը բխում է երկու երկրների շահերից»,- ասել է Պսակին: Նա նշել է, որ ԱՄՆ-ը, որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, «հակված է Երևանին և Բաքվին օգնելու» ելք որոնել ստեղծված իրավիճակից:

«Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Օլանդի առաջարկը՝ հնարավորինս շուտ Փարիզում գագաթնաժողով անցկացնելու, և կհամաձայնեն կազմակերպել բանակցություններ, որոնք կբերեն խաղաղ պայմանավորվածության»,- նշել է Պսակին:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը երկու կողմերին կոչ է անում ձգտել լարվածության նվազեցման և խուսափել հայտարարություններից, որոնք կարող են ավելի սրել իրավիճակը:

Երևանն իր համաձայնությունն է հայտնել ֆրանսիական նախաձեռնությանը, որն առաջ էր քաշվել մայիսի կեսին՝ Հայաստան և Բաքու կատարած Օլանդի այցի ժամանակ: Բաքուն հայտարարել է, որ երկու երկրների նախագահների հանդիպման վերաբերյալ Փարիզից սպասում է առաջարկությունների զարգացման հստակեցումներ:

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը վերջին անգամ հանդիպել են Վիեննայում՝ 2013-ի նոյեմբերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել