Ուկրաինայի դեպքերից հետո որոշ մարդիկ սկսեցին խոսել, որ Հայաստանում էլ է հնարավոր նման ձևով իշխանափոխություն իրականացնել: Միևնույն ժամանակ այլ կարծիքներ էլ հնչեցին, թե Հայաստանն այն երկիրն է, որտեղ նման զարգացումների հավանականությունը շատ ցածր է: Բայց երկու կողմերն էլ խոսում էին քաղաքական համակարգի մասին՝ մնալով քաղաքական համակարգի թեկուզ և ներքին ու արտաքին գործոնների համադրման, տրամաբանության մեջ: Դա արդարացված մոտեցում է, բայց ոչ սպառիչ:

Քաղաքական քիչ թե շատ ազդեցիկ, ծավալուն, հեռանկարային նախագիծ ռեսուրսներ է պահանջում, և ոչ միայն ինտելեկտուալ: Ցանկացած նման նախագիծ (իսկ իշխանափոխությունը, ցանկացած ձևով, նույնպես քաղաքական պրոյեկտ է) ֆինանսական լուրջ ռեսուրսներ է պահանջում:

Հայաստանում քաղաքական համակարգը, այսպես ասած, կայուն է ոչ միայն և ոչ այնքան այն պատճառով, որ այն, ինչ արվում է, զուտ քաղաքականության տեսակետից անհրաժեշտ է և նպատակահարմար, այլ ավելի շուտ այն պատճառով, որ Հայաստանը ռեսուրսների տեսակետից այնքան էլ հարուստ չէ, իսկ եղած ռեսուրսներն էլ բաժանված են քաղաքական և տնտեսական համակարգի հիմնական ակտորների միջև:
Այսինքն, քաղաքական քիչ թե շատ ազդեցիկ, ծավալուն, հեռանկարային նախագիծ ենթադրում է ռեսուրսների վերաբաշխում, իսկ Հայաստանում այդ վերաբաշխման մեջ շահագրգռված չեն տնտեսական և քաղաքական համակարգի հիմնական ակտորները: Նրանք ավելի շուտ պատրաստ են իրենց ունեցվածքը ուղղակի բաժանել մարդկանց, բայց ռեսուրսների վերարտադրության հնարավորությունից (իշխանություն) չեն հրաժարվի:

Հ.Գ. Երևի, ռեսուրսներով և բնակչությամբ փոքր երկրների համար ապրելու երկու հնարավորություն կա. կամ փոփոխություն է տեղի ունենում արժեքների, աշխարհայացքի, գիտակցության մակարդակում, կամ փոքր երկրի մարդիկ դատապարտված են ապրել՝ լուծելով ոչ թե մեծ (իշխանափոխություն, զարգացում), այլ փոքր, շատ փոքր խնդիրներ՝ գոյատևման և կենցաղային հարցեր:

Հ.Գ. Երևի, այս ամենի անուղղակի ապացույցն այն է, որ Հայաստանում շատերը պատրաստ են գլխակորույս մխրճվել իրենց բնակարանի վերանորոգման աշխատանքների մեջ, աննորմալ շատ գումար և ժամանակ ծախսեն պաստառ ընտրելու և պատի ներկի գույնն իրենց շան կամ թութակի գույնի հետ բռնացնելու համար, բայց երեխայի (հատկապես՝ ուսանողի) դասերը ստուգելու ժամանակ ու հավես չունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել