ArmnewsTV.am-ը գրում է.
«Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» եռահատոր գիրքը թարգմանվել է թուրքերեն և հրատարակվել Թուրքիայում: Գրքում տեղ են գտել ցեղասպանությունը վերապրածների վկայություններ, որոնք գրի են առնվել 1916-1917 թվականներին: Գիրքը նախ հայերեն կազմելուց հետո անգլերեն և թուրքերեն թարգմանելու նախաձեռնության հեղինակը «Վան» հասարական կազմակերպությունն է, իսկ գիրքը Թուրքիայում տպագրել է հայտնի թուրք հասարակական գործիչ Ռագըփ Զարաքոլուն, որի հրատարակչությունը տպագրում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքեր:
Թուրքիայում Էրդողանի հայտարարությամբ հետաքրքիր և խորամանկ գործընթաց է սկսվել: Հակահայկական ժխտողական գրքերի հրատարակությամբ զբաղվող թուրքական պատմագիտական ընկերությանը տրվող ֆինանսական միջոցները պակասել են: Ընկերության տնօրենը նույնիսկ հրաժարական է տվել: 2015-ին ընդառաջ Էրդողանի կառավարությունը նոր՝ ավելի խորամանկ քաղաքականություն է որդեգրել:
Էրդողանի խեղաթյուրող հայտարարությանն ի պատասխան` Հայաստանից հետևեց նախագահ Սարգսյանի պատասխան քայլը: Էրդողանը հրավիրված է մասնակցելու հաջորդ տարի Հայաստանոմ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումներին: Ըստ Ռագըփ Զարաքոլուի` Հայաստանից հնչած հրավերը ճիշտ քայլ էր:
Թուրքերեն թարգմանված նոր գիրքը ևս մեկ փորձ կլինի թուրք հասարակության շրջանում տարածելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտությունը: Ռագըփ Զարաքոլուն վճռական է շարունակելու իր հանգուցյալ կնոջ և Հրանտ Դինքի հետ սկսած գործը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



