«Իրաքի և Շամի իսլամական պետություն» (ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության մամուլի հետ կապերի պատասխանատու շայիխ Աբու Մուհամադ ալ-Ադնանիի կողմից հունիսի 29-ին հրապարակված ձայնային ուղերձում, որտեղ հայտարարվել էր կառույցի կազմալուծման և «Իսլամական խալիֆայության» ստեղծման մասին, նաև բառացիորեն նշվում էր հետևյալը. «Բոլոր էմիրությունների, խմբավորումների, պետությունների և կազմակերպությունների օրինականությունը չեղյալ է համարվում այն պահից, երբ մեր զորքերը ներխուժում են նրանց վերահսկողության ներքո գտնվող տարածքներ: Լսեք ձեր խալիֆին և հնազանդվեք նրան, աջակցեք ձեր պետությանը, այն աճում է ամեն օր»:
Միևնույն ժամանակ, իսլամական ցանցերում ակտիվորեն շրջանառության մեջ է դրվել մի քարտեզ, որում ներկայացվում է առաջիկա 5 տարիների ընթացքում «Իսլամական Պետության» տարածքի ընդլայնման ծրագիրը: Քարտեզում երևում են «ջիհադականների» հավականությունները ողջ Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Արևմտյան Ասիայի և Եվրոպայի նկատմամբ՝ Իսպանիա, Բալկաններ, Ռումինիա, Ավստրիա:
Այս հանգամանքը ևս մեկ անգամ ապացուցում է այն իրողությունը, որ Մերձավոր Արևելքում իսլամական տրամադրությունների բուռն աճին պետք է դիմակայել միջազգային հանրության համատեղ ուժերով և ոչ թե պայքարը թողնել միայն իրաքյան և սիրիական իշխանությունների ուսերին: Խալիֆայության հռչակման և նորանոր նվաճումների մասին անընդհատ հնչող հայտարարությունները նյութականի կողքին նաև գաղափարակական հենք կարող են հանդիսանալ ծայրահեղականների շարքերի նորանոր համալրումների համար:





