ՀՀ-ն չի դիմում ՀԱՊԿ-ին ադրբեջանցիների գնդակոծության դեպքում. Ինքներս կարող ենք լուծել այդ հարցերըPanARMENIAN.Net -ը գրում է.

Հայաստանը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պատճառով ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չի տեսնում: Նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ նրա, իրավիճակը Հայաստանի սահմաններին և ԼՂՀ շփման գծում միշտ էլ լարված է, ուղղակի կրակոցների թիվն է ավելանում կամ պակասում: «Վերջին շրջանում կրակոցները, սահմանային խախտումներն Ադրբեջանի կողմից ավելացել են, գտնում եմ, որ դա տեղի է ունենում քաղաքական կամ տարբեր իրադարձությունների շրջանակում: Վերջերս նրանց բանակի տոնն էր, դրա շրջանակում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ավելացումներ եղան»,- ասել է նա՝ հավելելով, որ դիվերսիոն գործողություններ չեն եղել, բայց դիպուկահարների կողմից տարբեր տիպի, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ, գնդակոծություններ են եղել, որին մեր դիրքապահները համարժեք պատասխան են տվել:

«Շատ դեպքերում մենք կանխարգելիչ գործողությունների ենք դիմում՝ կանխատեսելով այս կամ այն հատվածում կրակոցների աճ, լարվածություն, կանխարգելում ենք դրանք»,-ասել է Օհանյանը՝ նշելով, որ Հայաստանը երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պատճառով: «Այս վերջին օրերին որոշակի լարվածություն կա Հայաստանի հյուսիսում, Տավուշի մարզում, գնդակոծվել են սահմանային գյուղեր: Ճիշտ է, մեծ առումով տուժածներ չունենք, բայց մեր դիրքապահները համարժեք պատասխանել են»,-ասեկ է նախարարը:

«ՀԱՊԿ-ին դիմելու և ՀԱՊԿ աջակցությունը ստանալու համար կա որոշակի ընթացակարգ: Երբ երկրի ներսում գնահատվում է իրադրությունը և համարվում է, որ պատերազմական գործողություններն անխուսափելի են, գերատեսչությունների կողմից համապատասխան առաջարկություն է արվում երկրի նախագահին, որն իր հերթին դիմում է ՀԱՊԿ ղեկավարությանը: Չեմ կարծում, որ այսօր իրավիճակն այնպիսին է, որ մենք պետք է դիմենք ՀԱՊԿ-ին: Եթե գնդակոծությունների, մանր խախտումների դեպքում հայկական բանակը չկարողանա համարժեք արձագանքել, ապա այդ բանակն էլ ինչի՞ է հարկավոր: Այսօր հայկական բանակը հզորանում է, ամրապնդվում է, ավելի մարտունակ է դառնում և ի զորու է ինքնուրույն այդ խնդիրները լուծել: Դա նորություն չէ»,-ասել է Օհանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել