Բավական ուշացումով տեղեկացա, որ բանկային անձնական հաշվեհամարներս ԴԱՀԿ-ի պահանջով արգելանքի տակ են հայտնվել, մի քանի օր պահանջվեց, որ պարզենք, թե ինչն է պատճառը նման որոշման: Պարզվում է, որ ինձ պատկանող ավտոմեքենայի սխալ կանգառի համար ՃՈ-ն տուգանել և նամակն ուղարկել է սխալ հասցեով: Շատ հետաքրքիր է ստացվում, ուրեմն արդեն իսկ տեղյակ են, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, սակայն իրենց բնորոշ համառությամբ լռում են, կարծես մտադիր էլ չեն շտկելու իրենց թույլ տված սխալը: Էականն այն չէ, որ հաշվեհամարներս սառեցված են (իմ հիշելով դրանցից երկուսում էլ լումա անգամ չկա, քանզի ամուսնուս բուժման համար մենք մեր վերջին գումարներն անգամ սպառել էինք), էականն այն է, որ իմ՝ որպես քաղաքացու իրավունքն են ոտնահարում ու անարդարացի վարվում, դեռ մի բան էլ սխալն ուղղելու քայլեր չձեռնարկում:
Նաև փաստեմ, որ օրեր առաջ ամուսինս` Արման Մուշեղյանն արձագանքել էր և հանրայնորեն ներկայացրել խնդրի էությունը. մեջբերում եմ.
«Այն, որ սխալ հասցեով կարող էր գնալ, դա հնարավոր է: Այն, որ սխալ հասցեով ուղարկված նամակը անհնար է ստանալ, տեղեկանալ և վճարել, դա փաստ է: Հիմա խոսեմ խախտման մասին: Սխալ կանգառը երբ ավտոմեքենան կանգնել է արգելված վայրում, իսկ վարորդը չի իջել ղեկից: Ավտոմեքենան, որով կատարած խախտման համար տուգանվել է Անին, վարում եմ ես: Դա սպիտակ գույնի «Սուբարու Ֆորեստր» է և նրա վրա կա հաշմանդամի տարբերիչ նշան, որը անհնար է նկատած չլինեին խախտումը արձանագրողները: Դա կարող են շատերը փաստել: Նույնիսկ ԱԺ անվտանգության աշխատակիցները, որովհետև այդ մեքենայով ես երկու տարի աշխատանքի եմ գնացել ԱԺ և ԱԺ տարածք մտել: Ինձ ճանաչող մարդիկ կարող են փաստել նաև, որ ավտոմեքենայում ես հիմնականում մենակ եմ լինում: Ես չգիտեմ, թե այդ խախտումը որտեղ է եղել, բայց արդեն հասկանալի պետք է լինի, թե ինչու է այդ խախտումը տեղի ունեցել: Ես կարող եմ ենթադրել, որ ես կարող էի հարկադրված այդ խախտումը կատարել՝ ելնելով իմ ունեցած հաշմանդամությունից և Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց համար գոյություն ունեցող խնդիրներից: Նման խախտման արձանագրություններ էլի եմ ստացել, որոնք բողոքարկել եմ և ՃՈ պետը բեկանել է այդ որոշումները: Եթե մենք ստացած լինեինք խախտման արձանագրությամբ նամակը, ես դա էլ կբողոքարկեի, և համոզված եմ, որ այս մեկն էլ կբեկանվեր: Սակայն ունենք այն, ինչ ունենք: Ես չեմ ուզում փնտրել մեղավորներ, սակայն ես տեսնում եմ, որ այս նոր համակարգը ունի լուրջ բացեր, որի համար տուժում են քաղաքացիները և ոստիկանության ու ԴԱՀԿ-ի հեղինակությունները: Վերջում էլ ուզում եմ ասել, որ հուսամ` արգելանքը կհանեն, խախտումը կբեկանեն և արդարությունը կվերականգնվի՞:
Ինձ մնում է միայն ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանին ասել, որ սիրուն չի:
Անի Քոչար