Azatutyun.am-ը գրում է.

Հայաստանի պետական մարմինները կտուգանվեն, եթե հրապարակային միջոցառումների ժամանակ շարունակեն չապահովել այլ լեզուներին զուգահեռ հայերեն թարգմանություն, ինչպես օրենքն է պահանջում, «Ազատության» հետ զրույցում հայտնեց Կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:

«Անկասկած, ես կարծում եմ, որ մենք առաջիկայում կգնանք այդ քայլերին, եթե այդ խախտումները պարբերական բնույթ կրեն և տիրապետող դառնան։ Այսինքն այն պատրաստակամությունը, որ տվյալ պարագայում, օրինակ, կա Ազգային ժողովից, Արտաքին գործերի նախարարությունից, մենք խոսել ենք, քննարկել ենք այդ հարցերը։ Նրանք պետք է ձգտեն, աշխատեն, որպեսզի այդպիսի օրինակներ չլինեն»,- ասաց Երիցյանը։

Երիցյանը մանրամասնեց, որ «Լեզվի մասին» օրենքի դրույթները խախտելու համար նախատեսված է 200 հազար դրամ տուգանք:

Հայաստանում հայոց լեզվի պաշտպանության հարցը հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, երբ նախորդ շաբաթներին հայաստանյան մի քանի պետական կառույցներ հրապարակային միջոցառումները անցկացրեցին միայն ռուսերենով՝ խախտելով «Լեզվի մասին» օրենքը, որը պետական մարմիններից պահանջում է «ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանություն»:

Այն, որ Հայաստանի պետական մարմինները չեն կատարում «Լեզվի մասին» օրենքի պահանջները և չեն ապահովում զուգահեռ թարգմանությունը, օրինակները բազմաթիվ են։

Վերջին օրինակը հունիսի 23-ին էր, երբ արտգործնախարարությունում Էդվարդ Նալբանդյան - Սերգեյ Լավրով ասուլիսն անցկացվեց ռուսերենով՝ հայերեն զուգահեռ թարգմանություն չկար:

Էլ ավելի վաղ՝ հունիսի 16-ին, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կազմակերպած և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին նվիրված միջոցառումը նույնպես միայն ռուսերեն էր՝ առանց թարգմանության: Իսկ երբ լրագրողները հետաքրքրվեցին փոխնախարար Գառնիկ Բադալյանից՝ ինչու՞ չկա հայերեն զուգահեռ թարգմանություն, փոխնախարարը խորհուրդ տվեց. - «[Հայոց] լեզվի մասին օրենքը գնացեք ուրիշ տեղ պաշտպանեք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել