Օրերս ադրբեջանական զինված խմբավորումները կրակ են բացել Տավուշի մարզի ուղղությամբ՝ վերստին ցույց տալով միջազգային հանրությանը, որ կոնֆլիկտը Հայաստանի հետ է, որ գոյություն ունեցող խաղաղությունը կարող է ցանկացած պահի վերաճել պատերազմի: Կարճ ասած՝ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ, նախ՝ գոյություն ունեցող ստատուս-քվոն իրեն ձեռնտու չէ, երկրորդ՝ պատերազմի վերսկսման կամ խաղաղության պահպանման «մենաշնորհը» պատկանում է իրեն, այսինքն՝ փորձում է հասկացնել, որ գործընթացները թելադրողը հենց ինքն է, երրորդ, եթե ինքն է գործընթացները որոշում, ապա գերտերությունները պետք է կատարեն առաջին հերթին իր ցանկությունը: Հատկանշական է, որ նմանատիպ գործողություններին ՀԱՊԿ-ը ոչ մի կերպ չի արձագանքում: Այս այդ ընթացքում նույնիսկ Հայաստանում էր ՀԱՊԿ քարտուղար Բորդյուժան, իսկ Բաքվի նման գործելաոճը հարվածում է այդ կառույցի հեղինակությանը, սակայն, ինչպես շատ անգամ համոզվել ենք, այդ դաշինքը չունի ներքին սոլիդարություն, և այնտեղ բացակայում է անվտանգության մեջ հայտնի «շղթայական խմբավորման» (chain ganging) սկզբունքը, որի իմաստը այն է, որ դաշինքի անդամ բոլոր երկրները համախմբվում են, երբ անդամներից որևէ մեկի նկատմամբ իրականանում է բացահայտ ագրեսիվ քաղաքականություն: Ինչպես տեսնում ենք, ոչ միայն բացակայում է այս գաղափարը, այլև ՀԱՊԿ անդամները նույնիսկ Հայաստանի համար ոչ նպաստավոր քայլեր էլ են ձեռնարկում: Իսկ պաշտոնական Երևանը երբևէ հանդես չի գալիս համապատասխան դիվանագիտական վարքով, երբևէ չի պահանջում կամ չի փորձում հորդորել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի գործողությունների հանդեպ ընդունելու ինչ-որ հայտարարություն: Ինչու՞ երբևէ ՀԱՊԿ-ից պաշտոնապես չի պահանջվում ուշադրություն դարձնել հայկական սահմանների վրա ադրբեջանական գնդակոծություններին ու տալ համարժեք գնահատական: Հայկական դիվանագիտությունը, ավելին, որդեգրել է «ստատիկ լռության» մարտավարությունը, և այդ լռությունն այլևս ձեռք է բերում բազմաբևեռ բովանդակություն: Լռությունը Հայաստանի համար շռայլություն է, պետք է վերագնահատել մեր անվտանգության խնդիրները՝ ձևակերպելով հստակ պահանջներ անվտանգության իրացման համար: Եթե Հայաստանը «վազում» է ԵՏՄ՝ հրաժարվելով ասոցացումից, որն իր բովանդակային իմաստով անհամեմատելի է անորոշ եվրասիականության հետ, ավելին՝ դրա համար պատճառաբանելով անվտանգության խնդիրները, ապա պետք է նաև մեր դաշնակիցներից պահանջել համապատասխան մոտեցում: Աբսուրդիզմը սահմաններ չունի, և Նազարբաևը միշտ էլ «կընթերցի» ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրների նամակներ, որով կորոշվի Հայաստանի կարգավիճակը, իսկ լռությունը լսող չունի, հետևաբար՝ այն «լավագույն դիվանագիտությունը» չէ, սա ուղղակի տարրական ճշմարտություն է: Այստեղ առաջանում է բնական հարց. իսկ ու՞ր մնաց հայտարարված անվտանգության հարցը ԵՏՄ անդամակցության շրջանակներում, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն հանդես չի գալիս դատապարտող հայտարարություններով իր անդամի նկատմամբ գրեթե ամեն օր իրականացվող ագրեսիվ քաղաքականությանն ի պատասխան, այլև դրա անդամներն առաջնորդվում են անդամ չհանդիսացող պետության պահանջներով: Սա ոչ միայն «անվտանգայնացման» տեսանկյունից անհեթեթություն է, այլև՝ վտանգավոր: Անվտանգությունը միայն ռազմաբազաների առկայությունը չէ, անվտանգությունն այդ բազաների քաղաքական նշանակությունն է, այլապես դրանք դառնում են իմպերալիստական թափանցման «օջախներ»: Մենք պետք է դիվանագիտություն սովորենք, թեկուզ մեր հակառակորդների պահվածքից: Մեր քաղաքական էլիտան երկրի ներսում երբևէ չի լռում, երբ իրեն քննադատում են, նախատում, սակայն ավելի լավ կլիներ այդ ակտիվության կեսն օգտագործեին արտաքին հարաբերություններում, այդ դեպքում որոշակի ուշադրություն կբևեռվեր մեր խնդիրների ու պահանջմունքների վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել