Ի թիվս այլ բացահայտումների՝ Ուկրաինայի իրադարձությունները ցույց տվեցին աշխարհին, որ Ռուսաստանում չկա իշխանություն: Այսինքն՝ չկա իշխանության դասական համակարգը` չկա օրենսդիր իշխանություն, այսինքն՝ խորհրդարանը, չկա գործադիր իշխանություն՝ հանձին կառավարության, առավել եւս չկա դատական անկախ իշխանություն: Այդ ամենի փոխարեն Ռուսաստանում կա Պուծինը: Ուզեց Պուծինը` եւ խորհրդարանը միաձայն քվեարկեց նրան Ուկրաինա զորք մտցնելու իրավունք տալու համար: Փոշմանեց Պուծինը, հրամայեց «հետ կանչել այդ թույլտվությունը», եւ նույն Դուման միաձայն (ոչ, մեկը հերոսաբար դեմ քվեարկեց) չեղյալ հայտարարեց երկու ամիս առաջ ընդունված սեփական որոշումը: Ուզեց Պուծինը սեփականացնել յուղալի մի պատառ` դատարանը Խոդորկովսկուն երկու ցմահ է պատրաստ տալ: Ցանկացավ Պուծինը Օլիմպիադայից առաջ ագռավներին սպիտակ ներկել` նույն դատախազությունն ու դատարանը ներում շնորհեց ե՛ւ Խոդորկովսկուն, ե՛ւ Փուսի Ռայոթի երգչուհիներին: Այսինքն՝ այդ 500 պատգամավորները, 5000 դատավորները եւ մնացած միլիոնավոր օգնական-թիկնապահ-վարորդ-խոհարար-քարտուղարուհիները միանշանակ պետք չեն: Նրանք զարթ են զուտ, ժանյակ, դաջվածք ու բիժուտերիա՝ մայր-Ռուսիայի մեծ ու բազմաչարչար մարմնի վրա: Ամեն ինչ որոշում, իրականացնում ու յուրացնում է մեկ մարդը, նույն ինքը՝ Վ.Վ.Պուծինը: Սա շատ վատ է Ռուսիայի համար: Շատ է վտանգավոր: Անգամ բրեժնեւյան մարազմի տարիներին Աֆղանստան զորք մտցնելու խելագար որոշումը քննարկվում էր Պոլիտբկուրոյուն Ուստինովի, Անդրոպովի, Գրոմիկոյի, Սուսլովի եւ այլոց ներկայությամբ, եւ ոմանք առարկում էին: Անգամ ստալինյան բռնապետության օրոք Կատինում 22 հազար լեհ սպա գնակահարելու կամ Հայաստանում եւս 700 «դաշնակ» սպանելու համար ընկեր Ջուղաշվիլին հավաքում էր Բերիայի, Մոլոտովի, Միկոյանի եւ այլոց ստորագրությունները, հետո միայն մակագրում՝ «Դեմ չեմ»: Իսկ ո՞վ է Պուծինի բերիան, միկոյանը, սուսլովն ու անդրոպովը: Չկան: Նա ինքն իր համար ե՛ւ միկոյան, ե՛ւ բերիա, ե՛ւ սուսլով, ե՛ւ, բնականաբար, անդրոպով... Միայնակ է գնդապետը: Եւ ոչ ոք նրան չի գրում: Բռնապետի աշունն էլ սկսվել է: Հո Մեդվեդեւին կամ Կիսելյովին չի կանչի խրատ հարցնելու: Մի բան եղավ` փախչելու են, «ապաշխարհելու» են, դավաճանելու են: Մեն-մենակ է Վլաձիմիր Վլաձիմիրովիչը, եւ առաստաղին հասնող ամբոխների հավանությունը «ռեյծինգների» հաշվարկներով նրան չի մխիթարում. նա, որպես հին չեկիստ, գիտի այդ «հարցումների» իրական գինը: Չէ՞ որ պատվիրողն էլ է ինքը, վճարողն էլ: Սակայն ինքը հեչ: Ռուսաստանն է մեջ: Հասկանալի է` ինչի մեջ: Ափսոս է այս հսկա երկիրը, շատ ափսոս...Առավել եւս, որ մեզ էլ է իր հետ անդունդ քաշում՝ գումարած մեր չափ ու ավելի շատ այնտեղ բնակվող հայերի...Նրանցից մեծ մասը դեռ չեն գիտակցում անկումը, ինչպես օդանավում թռչող ճանճը չի հասկանում, որ իրականում թռչում է մի քանի կիլոմետր բարձրության վրա ու մի քանի հազար կիլոմետր արագությամբ: Ռուսներն այդքան են սիրում ու հարգում իշխանությունը, այդքան են աստվածացնում ու աղոթում դրան, որ իրենք էլ չնկատեցին, թե ինչպես հայտնվեցին առանց իշխանության: Քանզի մեկ մարդու իշխանությունը նույնքան թույլ է, խոցելի, սխալվող ու անվստահելի, որքան թույլ, խոցելի ու սխալական է ցանկացած մարդը: Նա իր տակը դրեց, կերավ ու մարսեց Ռուսաստանի ամբողջ իշխանությունը` օրենսդիր, գործադիր ու դատականը: Իսկ ի՞նչ է լինում, ի՞նչ է մնում տակը, երբ մահկանածու մարդ արարածը ուտում ու մարսում է, այն էլ շատ` գիտեն բոլորը: Այ հենց դա էլ մնաց տակը: Ոչ այդքան վիթխարի ծավալներով, սակայն միանգամայն նույն նյութը այժմ շրջապատում է նաեւ Պուծինի վերջին հաճախորդներին` հատկապես Հայաստանում: Այս դեպքում ոչ թե ականջն է կանչում, այլ քիթն է ահազանգում` եւ քիթը բռնած աշխարհը հեռու է մնում նրանցից: Ավա՜ղ, նաեւ մեզանից: Ահա՝ ինչու Հերակլեսի վերջին սխրանքը պետք է լինի մեր առաջին գործը հեղափոխությունից հետո` ախոռների մաքրումը: Այլապես մեր երկրում մնալու են միայն ճանճերն ու խավարասերները, մկներն ու առնետները: Ջուր տվեք, ջո՜ւր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: